ՎԱՆՈ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ

Գծանկարիչ

14 հունվար, 1875 - 16 նոյեմբեր, 1922

Հովհաննես Խոջաբեկյան

Ծնվել է Թիֆլիսում: Սկսել է նկարել 14 տարեկանից: 1904թ-ից սովորել է Արվեստը խրախուսող ընկերության դպրոցում` որը չի ավարտել: 1916թ. սկսել է ցուցադրել գործերը: 1921թ. այցելել է Երևան և նկարել հայ գաղթականներին: Եղել է մանրավաճառ եղբոր աշակերտը, երկաթուղային սևագործ բանվոր, Թիֆլիսի թեյարանների, ճաշարանների, «Ունիոն» սրճարանի, Ռուսթավելու և փոքր թատրոնների բարապան, պահակ, նույնիսկ` գերեզմանափոր: Նկարել սկսել է մանկուց: 1904թ. ընդունվել է Թիֆլիսի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոց, բայց ընտանեկան ծանր պայմանների պատճառով չի ավարտել: 1916թ. մասնակցել է Թիֆլիսի Փառքի տաճարի (այժմ` Վրաստանի արվեստի թանգարան) պատկերահանդեսին: 1917թ. դարձել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միության անդամ, մասնակցել նրա ցուցահանդեսներին: Եղել է հին Թիֆլիսի ժողովրդական հանդեսների ու ժողովրդական խավերի նկարիչ-տարեգիրը (հարսանեկան, խրախճանային և ծիսական դրվագներ, տեսարաններ կինտոների, արհեստավորների, գյուղացիների կյանքից): Նկարչի կերպարները խոսում են, ունեն կենդանի նկարագիր: Շեշտված ողբերգականությամբ են տոգորված նրա կյանքի վերջին շրջանի` հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարները` «Գաղթականները հացի հերթում», «Որբանոցի բակում», «Գաղթականների պարը»: Շրջապատող կյանքի բազմազան երևույթների բարդ հյուսվածքում նշմարել ու ընդգծել է առավել էականը, այն, ինչ ցայտուն բնորոշում է պերսոնաժի (լինի հին Թիֆլիսի հարուստ թե կինտո, քելեխ ուտող, թե զուռնաչի, հարսանքավոր, թե Երևանի կամ Էջմիածնի գաղթական) և տեղական ու ազգային այլ առանձնահատկություններ: Մատիտանկարները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վենետիկի Սբ. Ղազար կղզու թանգարանում, Վրաստանի արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում և այլուր: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար