ԿԱՐՈ ՀԱԼԱԲՅԱՆ

Ճարտարապետ

26 հուլիս, 1897 - 5 հունվար, 1959

Ծնվել է Գանձակում: 1917թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929թ.` Մոսկվայի բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտը: Ստեղծել է Ստեփան Շահումյանի, Սիմոն Տեր-Պետրոսյանի (Կամո) դիմաքանդակները, երգիծական գծանկարների շարք, նկարազարդել Եղիշե Չարենցի գործերից: 1924թ. Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորել է (Միքայել Մազմանյանի հետ) Անատոլի Լունաչարսկու «Կարմիր դիմակ» («Հրձիգներ»), Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների բեմադրությունները: 1929-31թթ ղեկավարել է Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը` Պետնախագիծ ինստիտուտը: Ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ ծավալել է Հայաստանի բնակավայրերի հատակագծման, կառուցապատման աշխատանքները: 1928-29թթ Երևանում նախագծել է Կառուցողների ակումբը (այժմ` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի և Օլիմպիական կոմիտեի շենքերը), 1929-30թթ` Երկրաբանական վարչության շենքը, 1930-32թթ` Երևանի ջրէկի բնակելի «շախմատաձև» տունը, 1930թ.` Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր)  գլխավոր հատակագիծը: 1932թ-ից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում: Նրա նշանավոր կառույցներից են Մոսկվայում հնգաթև աստղի ձևով կառուցված խորհրդային բանակի կենտրոնական թատրոնի (այժմ` Ռուսաստանի բանակի կենտրոնական թատրոն) շենքը (1934-40թթ, ճարտարապետ Վասիլի Սիմբիրցևի հետ), Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարը (1939թ., ճարտարապետ Բորիս Իոֆանի հետ), որի համար արժանացել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման: Հայ ճարտարապետության ավանդույթների նորովի բացահայտմամբ առանձնացել է ՀԽՍՀ տաղավարը` Համամիութենական գյուղատնտեսական նվաճումների ցուցահանդեսում (Մոսկվա, 1939թ. և 1954թ., ճարտարապետ Սամվել Սաֆարյանի հետ): Հայրենական մեծ պատերազմի (1941-45թթ) տարիներին գլխավորել է ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը, ղեկավարել երկրի կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների լուսաքողարկման նախագծման, 1943թ.` Ստալինգրադի (այժմ` Վոլգոգրադ) վերականգնման, ինչպես և հետպատերազմյան բնակելի տների նոր տիպերի նախագծերի մշակման աշխատանքները: 1950-51թթ նախագծել է Սոչիի ծովային կայարանը (ճարտարապետ` Լ.Կառլիկիի հետ), իսկ կյանքի վերջին տարիներին` Մոսկվայի Խիմկի-Խովրինո խոշոր բնակելի զանգվածը (կառուցապատվել է 1960-ական թվականներին): Եղել է ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, 1949-53թթ` ակադեմիայի փոխնախագահը, 1932-50թթ` ԽՍՀՄ ճարտարապետների միության պատասխանատու քարտուղարը, 1933-48թթ` «ԽՍՀՄ ճարտարապետություն» ամսագրի պատասխանատու խմբագիրը, 1936թ-ից` Ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ, Ճարտարապետների միջազգային միության հիմնադիրներից: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: Հալաբյանի անունով Երևանում կոչվել է փողոց, 1997թ.` ծննդյան 100-ամյակի առթիվ, Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրվել է հուշաքար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար