Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՖՐԻԿ

Բանաստեղծ

մոտ 1230 - 1310

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Բանաստեղծի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլական բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը («օրթախ») դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց գրավ դրել որդուն։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ՝ դարձել է, թե ոչ։ Երիտասարդ հասակում գրել է սիրո և ուրախության հայրեններ, մասալներ ու առակներ, որոնք մեզ չեն հասել։ Հետագայում, զրկվելով տուն ու տեղից, ստեղծել է սոցիալական սուր բովանդակությամբ բանքեր։ Նրա ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները։ Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են նրա մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդեմ ֆալաքին եւ վասն բախտի», «Վասն Արղուն-Ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի»։ «Ընդդեմ ֆալաքին...» քերթվածում գրում է. «Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զըրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն եդիր մեծաւոր»։ Ազգային քաղաքական խնդիրն առավել սուր է արծարծված «Վասն Արղուն-Ղանին և Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգադրված։ Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին՝ «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ։ Բայց ըստ ֆալաքի, այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ աստված։ «Գանգատ» բանաստեղծության մեջ վեճի մեջ է մտնում ուղղակի աստծո հետ։ Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսական ու սոցիալական անհավասարության մասին՝ նա այն ընդհանրացումներ է անում։ Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծո կամքով («Եւ այ՞ս էր բան քո հրամանի, Արդար, իրաւ դատաւորի․ Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի․ Մէկին հազար ձի եւ ջորի, Մէկին ո՛չ ուլ մի, ոչ մաքի, Մէկին հազար դեկան ոսկի, Մէկին ո՛չ փող մի պըղնձի. Մէկին հարամն յաջողի, Մէկին հալալն կորուսի»)։ Նա դժգոհ է աստծուց և տարակուսում է, թե իրո՞ք աստված արդար դատավոր է։ Սակայն իբրև միջնադարյան մարդ ու մտսծող, ի վերջո, համակերպվում է աստծո կամքին։ Նա պայքարի հարց չի առաջադրում, այլ սոսկ դժգոհում է անարդարությունից։ Այս չորս բանքերն իրենց բովանդակությամբ հեղինակին դարձնում են ոչ միայն հայ միջնադարյան, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը։ Ծերության տարիներին նրա ստեղծագործության մեջ սկսում են իշխել աշխարհի ունայնության մասին խոհերը, կրոնաբարոյախոսական թեմաները։ Հեղինակը փառաբանում է աստվածային արարչագործությունը, խոսում է հոգու և մարմնի հակամարտության, այսաշխարհային և հանդերձյալ կյանքի, մեղքերի քավության, ահեղ դատաստանի մասին և այլն։ Այս թեմաներով են գրված նրա «Գեղեցիկ պատկերք ու հեր», «Մինչ ածէ զմահն ու մոտ է եւ անողորմ գըրօղն գայ», «Սի՛րտ իմ, ընդէ՞ր ես խըռովել», «Այս է համասփիւռ ծաղիկն», «Եկայք որ ի բաց թողունք...», «Ի՛մ սիրտ, վատին մի՛ լըսեր...», «Է՜ անօրեն եւ անառակ», «Ով կու սիրէ կուժ ու կըթխայ», «Է՞ր չես երթար ի միտքդ ի վար», «Պատգամն, որ երետ աստուած Մովսէսի» տողերով սկսվող և այլ բանաստեղծություններ։ Կրոնախրատական բանքերում խրատում է հետևել ավետարանական պատգամներին, պատրաստ լինել վերջին դատաստանին, ուրանալ մարմինը, զղջալ, բարիք անել, չանել ագահ, արծաթասեր, նախանձ, կաշառք չվերցնել, ողորմալ աղքատներին և այլն։ Այս բնույթի բանաստեղծություններում էլ, թեև հեղինակին կաշկանդում են կրոնական կաղապարները, նկատելի է քննադատության խռովահույզ ոգին։ Նրա բանքերն ինքնաբուխ ստեղծագործություններ են, աչքի են ընկնում թեմատիկ ու արտահայտչական միջոցների բազմազանությամբ, գեղեցիկ ու ինքնատիպ պատկերներով ու համեմատություններով, ժողովրդական բանահյուսության տարրերի, առածների ու ասացվածքների օգտագործմամբ։ Ամենից շատ նա գործածել է գուսանական-ժողովրդական երգերի «հայերէն», «հայրեն» կամ «հայրենի կարգ» կոչված տաղաչափությունը, անգամ կրոնական բանաստեղծությունների զգալի մասը գրված է այդ չափով։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը հայտնաբերել, մնացածները հավաքել և դրանց գիտաքննական բնագրերը հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար