ԱՆՆԱ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ճարտարապետ

10 հոկտեմբեր, 1908 - 16 հունվար, 2013

Ծնվել է Երևանում: Եղել է Հայաստանի առաջին կին ճարտարապետը, ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի կինը։ 1924թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժին, որի հիման վրա հետագայում ստեղծվել է պոլիտեխնիկական ինստիտուտը: 1930թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1926թ-ից աշխատել է Նիկողայոս Բունիաթյանի և Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա` նախագծային կազմակերպություններում: 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Եղել է հին երևանցիների հայտնի տոհմից, ում շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող շենքերից շատերը` ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցում գտնվող առաջին հիվանդանոցը։ Նրա ջանքերով իրականացվել է նաև Կրբուլաղի աղբյուրներից եկող ջրամատակարարման առաջին ցանցը Երևանում, ինչը երևանցիներին մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորություն տվեց։ Նրա նախագծերով Երևանում կառուցվել են նաև շուրջ 40 շենքեր` դպրոցներ, բնակելի տներ (1947թ., 1948թ.), վարչական շենքեր (1953թ.), Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի տունը` նշանավոր «Պոնչիկանոցը», Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվոող (Ուրարտու խանութի) բնակելի շենքը, Մայակովսկու անվան դպրոցը: Ամուսնու հետ նախագծել է Ոստիկանության շենքը, Սախարովի հրապարակի վրա տեղակայված Երևանի հրշեջ կայանի շենքը, արդեն գոյություն չունեցող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը։ 1938թ. և 1956թ. դարձել է կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1938թ. ստացել է «Կինը արվեստի և ժողովրդական ստեղծագործության ասպարեզներում» Փարիզի միջազգային ցուցահանդեսի դիպլոմ: 1948թ. կին-ճարտարապետների համամիութենական մրցույթում արժանացել է առաջին մրցանակին` Երևանում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի շենքի նախագծի համար: 1967թ. արժանացել է Հայաստանի Գերագույն Խորհրդի գովասանագրի, 1968թ.` Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2002թ.` Ալեքսանդր Թամանայանի անվան ոսկե մեդալի, 2008թ.` Երևանի քաղաքապետարանի «Երևան» ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար