ԱՆԴՐԵԱՍ ՏԵՐ-ՄԱՐՈՒՔՅԱՆ

Քանդակագործ

23 մարտ, 1871 - 16 դեկտեմբեր, 1919

Ծնվել է Երևանում: Եղել է հայկական նոր, ռեալիստական քանդակագործության հիմնադիրը: Մինչև 1890թ. սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1892-94թթ սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ապա` Փարիզ: Որոշ ժամանակ քանդակագործ Ալեքսանդր Ֆալգիերի ստուդիայում աշխատելուց ու պատրաստվելուց հետո, ընդունվել է Կերպարվեստի բարձրագույն պետական դպրոց` Ալեքսանդր Ֆալգիերիի դասարան և սովորել չորս տարի: 1899թ. Փարիզում ցուցադրվել է նրա «Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան» կոմպոզիցիոն քանդակը։ Գիպսե քանդակի պատվանդանին Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Գրիգոր Արծրունու բարձրաքանդակներն էին, իսկ վերևում մուսային մարմնավորող դափնեպսակ կրող կանացի ֆիգուր էր։ Այժմ քանդակի տեղն անհայտ է։ Այդ տարիներին ստեղծել է հայ մշակութային գործիչների և պատվիրատուների կիսանդրիներ և մահարձաններ։ Ստեղծագործել է նաև ազգային հայրենասիրական թեմայով։ Ստեղծել է հայ գեղջուկի և գեղջկուհու դիմաքանդակներ։ Խաչատուր Աբովյանի հուշարձանով, որն այժմ տեղադրված է Քանաքեռում, քանդակագործը սկիզբ է դրել 20-րդ դարի սկզբի հայ հուշարձանային քանդակագործությանը։ Աշխատանքներից են` «Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան», «Ռափայել Պատկանյան» (Նոր Նախիջևան), «Ռափայել Պատկանյան» (Էջմիածին), «Միքայել Նալբանդյան» (Նոր Նախիջևան), «Ղևոնդ Ալիշան», «Ներսես Թաիրյան», «Պետրոս Ադամյան», «Խաչատուր Աբովյան» (Քանաքեռ), «Բոգդան Դոլուխանյան», «Հովանավորություն», «Հայ գեղջուկը», «Հայ գեղջկուհին» և այլն: Մահացել է Փարիզում: