ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

Դիրիժոր, դաշնակահար

Ծնվել է 1956թ. օգոստոսի 27-ին, Սան Ֆրանցիսկոյում: Կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է: Հայրը հայ է, մայրը` ռուս: Դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1980թ. Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, սկսել է երաժշտական գործունեությունը որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում: Շրջագայել է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում և ռուսական աստղերի հետ` Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, և այդ համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Հարավային Կորեա և ամբողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքներ: Հաճախ համագործակցել է ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի հետ, ում հետ երկացանկը ներառել է «Դելոս» ֆիրմայի արտադրած «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները: Առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում»` նկարահանված Սանկտ Պետերբուրգում: Դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Ա.Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույնը կոնցերտի ձայնագրություն» մրցանակին: Իր գեղարվեստական նվաճումները օգտագործել է միջազգային բարի կամքի գործերին ի նպաստ: Նվագախմբերի հետ մասնակցել է նաև երիտասարդների մշակութային հարստացման ծրագրերին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: 1989թ. և 2001թ. համերգներով հանդես է եկել Երևանում: 1991թ-ից Մոսկվայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոնի հիմնադիր-ղեկավարը, Մոսկվայի «Կրեմլի թանգարանների երաժշտական գանձերը» համերգաշարի հիմնադիրը: Ձայնագրվել է Ավստրալիայի ռադիոյի և հեռուստատեսության համար: 2000թ-ից Սանկտ Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է: 1987թ. Անգլիայում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտ» մրցանակին` Ա.Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի համար: 2001թ. նրան շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալ, որով պարգևատրում են ներգաղթյալներին կամ նրանց զավակներին, որոնք բացառիկ ներդրում են կատարել ԱՄՆ-ում: 2004թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2012թ.` ՌԴ Բարեկամության շքանշանի` ռուս մշակույթը երկրից դուրս ճանաչել տալու գործում ներդրման համար: 2016թ. նշանակվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար