
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

4-5-րդ դար
Շատ քիչ տեղեկություն կա կենսագրության մասին: Ուսումնասիրողներից Միքայել Չամչյանը, Մկրտիչ Էմինը, Նորայր Բյուզանդացին, Նիկողայոս Ադոնցը, Սեն-Մարտենը, Ալֆրեդ Գուտշմիդը և ուրիշներ պատմագրին նույնացնելով Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է 4-րդ դարի վերջին, հունարեն, իսկ 5-րդ դարում այն թարգմանվել է հայերեն։ Քերովբե Պատկանյանի կարծիքով՝ Բուզանդը եղել է ասորի և իր երկը գրել է ասորերեն։ Այլ հայագետներ (Ղ.Ինճիճյան, Հ.Տաշյան, Հ.Գելցեր, Ս.Մալխասյան, Մ.Աբեղյան և ուրիշներ) Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն, 5-րդ դարի 2-րդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավսաոսին։ Ղազար Փարպեցին Բուզանդին դիտելով որպես հայոց պատմության երկրորդ գրքի հեղինակի, նրա երկում հանդիպող թերությունները վերագրում է հետագա թերուս մարդկանց։ Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Բուզանդի «Պատմություն Հայոցը» համարվել է անվստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանսիացի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, գերմանացի գիտնական Ալֆրեդ Գուտշմիդը և ուրիշներ Բուզանդի երկը գնահատել են որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է բյուզանդացի կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։ Ստեփան Մալխասյանի կարծիքով՝ այդ բառը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ։ Պատմագրի երկն ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Բ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387թ.) Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ), որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։ Առաջին երկու դպրությունների բացակայությունը մեկնաբանվել է տարբեր կերպ, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ դրանք կորսվել են, մյուսների ենթադրությամբ՝ հեղինակը չի գրել, որպեսզի չկրկնի Ագաթանգեղոսին։ Երրորդ դպրության մեջ (21 գլուխ) շարադրված են Խոսրով Բ Կոտակի և Տիրանի, չորրորդում (59 գլուխ)՝ Արշակ Բ-ի, հինգերորդում (44 գլուխ)՝ Պապի և Վարազդատի թագավորության ժամանակաշրջանում կատարված իրադարձությունները, Արշակ Գ-ի թագավորելու (Վաղարշակի գահակցությամբ) հանգամանքները, վեցերորդում (16 գլուխ)՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանման պատմությունը։ Իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական-վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից («Արշակ և Շապուհ»)։ Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Հայրենասիրությամբ տոգորված գիրքը կոչված էր՝ Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագրական ոգին, նրան սատարել հայրենապաշտպան պայքարում։ Այն միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ (երկի գրեթե մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ և այլն)։ «Պատմություն Հայոցը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի 4-րդ դարի քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, նրանց փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, սովորությունների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին և այլն։ Չնայած պատմական դեպքերի և դեմքերի որոշակի վիպականացմանը, ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճշտություններին և չափազանցություններին, կրոնական և քաղաքական գործիչների գեղարվեստական կերպավորմանը, ճոխ և պատկերավոր լեզվով շարադրված «Պատմություն Հայոցը» հայկական մատենագրության արժեքավոր երկերից է։ Առաջին անգամ «Բիւզանդարան պատմութիւն» վերնագրով հրատարակվել է 1730թ., Կ.Պոլսում։ Մկրտիչ Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսերեն (1867թ.), Մ.Լաուերի թարգմանությամբ՝ գերմաներեն (1879թ.)։ Ստեփան Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947թ., Երևանում։ Երևանում Փավստոս Բուզանդի անունով կոչվել է փողոց: