ՐԱՖՖԻ

Արձակագիր

25 ապրիլ, 1835 - 6 մայիս, 1888

Հակոբ Մելիք-Հակոբյան

Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայանջուկ գյուղում, հարուստ ազնվականի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847թ. մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852թ. ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարան։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856թ., գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-58թթ ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։ 1850-60-ական թվականներին արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություն, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874թ., «Արայն պատերազմի դաշտումը», 1874թ., «Սառա», 1874թ.), «Սալբի» (հրտ.՝ 1911թ.) վեպը, «Հարեմ» (1874թ.) վիպակը, ուղեգրություններ և այլն։ Գերազանցապես պարսկահայ իրականությունն արտացոլող այդ երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Հեղինակը հասարակական բոլոր չարիքների պատճառը որոնում է ֆեոդալական կարգերի մեջ։ Պատմական ֆորմացիաների փոփոխությունը, ըստ նրա, պայմանավորված է գաղափարների փոփոխությամբ։ Ֆեոդալական միջնադարում իշխող գաղափարը կրոնն էր, որին փոխարինելու է գալիս գիտությունը, ուստի և ֆեոդալիզմը անխուսափելիորեն պետք է տեղի տա բանական հասարակության պատմական ֆորմացիային։ Արևելքը նույնպես ոտք է դրել «մարդկության բարեկամների ցանկացած ոսկեղեն դարը», և ազատության, հավասարության, եղբայրության այն երազանքները, որ չկարողացան իրականացնել կրոնները, «պիտի ներս մտնեն մարդկային կյանքի մեջ քաղաքակրթության ու լուսավորության ձեռքով»։ Լուսավորական աշխարհայեցության այս սահմաններում էլ գրողն ի հայտ է բերել գրականության հասարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը, ֆեոդալականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստական երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Սալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդալական իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։ 1860-ական թվականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 1870-ական թվականների սկզբին գրողը հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գրիգոր Արծրունու հրավերը՝ դարձել է «Մշակ»-ի գլխավոր աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872թ., «Անբախտ Հռիփսիմեն», 1872թ., «Սով», 1872թ., «Մի օրավար հող», 1873թ., «Բիբի Շարաբանի», 1876թ. և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը նրա պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875-77թթ աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877-79թթ դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։ 1870-ական թվականներին նրա աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872թ.), «Նամակ Կ.Պոլսից» (1873թ.), «Վաճառականությունը հայերի» (1872թ.), «Նամակ Պարսկաստանից» (1876թ.) և այլ հրապարակախոսական հոդվածներում արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-70թթ, հրտ.՝ 1882-83թթ) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցու թյունը՝ նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871թ., հրտ.՝ 1895թ.), «Ոսկի աքաղաղ» (1870թ., հրտ.՝ 1882թ.), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890թ.) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Գրոտեսկային տիպերի մեջ խտացնելով նրանց սոցիալական ու բարոյական մղումների հակահասարակական էությունը՝ գրողն ստեղծում է ռոմանտիկական գաղափարատիպեր, որոնք հավակնում են իրականացնել արտադրության դեմոկրատական կազմակերպության սոցիալական ուտոպիան։ Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին գրողի ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878թ.) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878թ.) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881թ.) և «Կայծեր» (հ.1-2, 1883-87թթ) վեպերը։ «Կայծեր»-ը 19-րդ դարի հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմափիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստական հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882թ.) վեպն արտացոլում է 18-րդ դարասկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882թ.) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ-Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886թ.) վեպի նյութը վերաբերում է 4-րդ դարի կեսի սոցիալ-քաղաքական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետական անկախու թյունը։ «Պարույր Հայկազն» (1884թ.) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), հեղինակը կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղաքական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այդ գնահատականի՝ հայրենասիրությունը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Գրողը կատարելագործել է հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։ Նրա ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ.Հայկունու կրիտիկան և «Կայծերը»» (1883թ.), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887թ.) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, 19-րդ դարի հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։ Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուսական և եվրոպական գրականության նվաճումները, նա հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Որակական նոր աստիճանի է բարձրացրել նաև հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։ Հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։ Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում: Երևանում և ՀՀ այլ վայրերում Րաֆֆու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա 2010թ. նկարահանվել է համանուն կինոնկարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար