Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

11 մարտ, 1837 - 23 մարտ, 1898

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է հայկական օպերային արվեստի հիմնադիրը: Լինելով առաջին արևելցի կոմպոզիտորը, որ մասնագիտական բարձր կրթություն է ստացել, նախաձեռնել է Արևելքի և Արևմուտքի երաժշտարվեստների մերձեցման գործը, եվրոպական դասական ձևերը վերստեղծելով արևելյան երաժշտության ելևէջային-կշռութային ինքնատիպ կերտվածքի հմուտ ներհյուսմամբ: Դաստիարակվել է գեղարվեստասեր ընտանիքում: Երաժշտական առաջին տպավորություններն ստացել է հայկական դպրոցական, հոգևոր ու քաղաքային ժողովրդական երգերից, Կ.Պոլսի բազմալեզու միջավայրի կենցաղային, ընդհանուր արևելյան երգ ու նվագից, ինչպես և եվրոպական, մասնավորապես իտալական, օպերային արվեստից: Դպրոցական տարիներին նրա երաժշտական հակումների դրսևորմանը նպաստել է պոլսահայ երաժիշտ Գաբրիել Երանյանը, իսկ առաջին կանոնավոր պարապմունքները դաշնամուրից ու տեսական առարկաներից մի քանի տարի ղեկավարել է իտալացի պոլսաբնակ մանկավարժ Չ.Մանձոնին: Կոմպոզիտորի պատանեկության ու երիտասարդության տարիները համընկել են հայ ժողովրդի զարթոնքի ու վերածնության փայլուն շրջաններից մեկին: Արևելյան Հայաստանը ազատագրվել էր պարսկական լծից: Արևմտյան Հայաստանը շարունակում էր թուրքական բռնապետության դեմ անհավասար պայքարը, որի արտահայտություններից մեկն էր Զեյթունի հերոսական ապստամբությունը: Աշխուժացել էր Կ.Պոլսի և Զմյուռնիայի հայկական բնակչության տարբեր խավերի հասարակական-քաղաքական գործունեությունը: Վերելք էին ապրում գրականությունը, թատրոնն ու երաժշտությունը, և դռներ էին բացվում եվրոպական մշակույթի և քաղաքակրթության լայն ու խոր ընկալման համար: Այս պայմաններում և իտալական օպերային խմբերի հյուրախաղերի տպավորության տակ հայ հասարակության առաջադեմ ներկայացուցիչները ազգային օպերա ունենալու երազանքներ էին փայփայում: Դրանց մեջ էր երիտասարդ կոմպոզիտորը, որն արդեն գաղափարական և ստեղծագործական կապեր էր հաստատել հայկական թատերական աշխարհի հետ, հայրենասիրական երգեր էր հորինում տարբեր ներկայացումների համար, իր ձեռքն էր վերցրել Խասգյուղի թաղային թատրոնի երաժշտական ղեկավարությունը և խանդավառ մասնակցություն էր բերում երաժշտական ընկերության աշխատանքներին: Մասնագիտական կրթությունը լրացնելու նպատակով, Չ.Մանձոնիի խորհրդով ու հանձնարարականով, 1861թ. ուսանելու է գնացել Միլան, ուր երեք տարի մասնագիտական խոր գիտելիքներ է ստացել, հաղորդակցվել համաեվրոպական ժամանակակից երաժշտության զարգացման ընթացքին, ընդմիշտ հոգեհարազատացել Ջ.Վերդիի օպերային արվեստի հետ, կազմավորվել որպես գեղագիտական առաջավոր գաղափարների տեր քաղաքացի-արվեստագետ: 1864թ. վերադառնալով Կ.Պոլիս՝ կրկին հայտնվել է «Արևելյան թատրոն»-ի ու երաժշտական ընկերության շուրջ համախմբված արևմտահայ մտավորականության առաջին շարքերում: 1860-ական թվականներին, ոգևորված ազգային վերածնության հեռանկարներով, դասախոսություններ է կարդացել և մանկավարժական գործունեություն ծավալել, սիմֆոնիկ համերգներ ղեկավարել, երաժշտություն հորինել, մասնավորապես, մի ամբողջ շարք թատերական ստեղծագործությունների, այդ թվում՝ Պ.Դուրյանի «Վարդ և Շուշան», Տ.Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թ.Թերզյանի «Սանդուխտ», Ս.Թղլյանի «Մեծն Տրդատ և Գրիգոր Լուսավորիչ» ներկայացումների համար: Այս շրջանից հատկապես հիշատակության են արժանի ազատասիրական պաթոսով հագեցած նրա երգերն ու երաժշտությունը Ռ.Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» տրամախաղի համար (նվիրված Մ.Նալբանդյանի մահվան տարելիցին, 1867թ.), որի կատարումը վերածվել է քաղաքական ցույցի: Այս մթնոլորտում կոմպոզիտորը հղացել և հմուտ վարպետությամբ մարմնավորել է իր ամենախիզախ ու գեղեցիկ ծրագրերից մեկը՝ «Արշակ Երկրորդ» օպերան: Դա հայկական առաջին օպերան էր, պատմառոմանտիկական մի շքեղ ներկայացում, որը թեպետ կերպավորում էր հայոց պատմության 4-րդ դարի դրամատիկական դրվագներն ու ողբերգական բախումները, բայց գրական-երաժշտական իր ողջ հյուսվածքով կապվում էր իրեն ժամանակակից հայ իրականության հետ՝ արձագանքելով ազգային և սոցիալական ազատագրության իղձերին ու ձգտումներին: Լիբրետոն հորինել է Թովմաս Թերզյանը, հայերեն և իտալերեն: Օպերան հիմնականում ավարտվել է 1868թ.: Նախերգանքը, որ նույն թվականին կատարվել է Կ.Պոլսում, մեծ տպավորություն է թողել ունկնդիրների վրա: Ծրագրվել է օպերան բեմադրել հաջորդ տարին, բայց չի հաջողվել: Օսմանյան կառավարությունը որդեգրել էր բացահայտ հետադիմական քաղաքականություն, փակվել էր «Արևելյան թատրոնը», հետապնդվում էին ազգային գազափարաբանության հետ առնչություն ունեցող բոլոր նախաձեռնումները: 1870-ական թվականների սկզբներից շեշտակի փոխվել է կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության ուղղվածությունը: Ստիպված լինելով հարմարվել նոր պայմաններին, անցել է երաժշտական կատակերգությունների հորինմանը, որոնցում պետք է խնամքով քողարկված լինեին ազգային, սոցիալական, քաղաքական տարրերը, առաջին գիծը զիջելով արտաքնապես սուր բեմական իրավիճակներին, կենցաղային պատկերներին, երգիծախառն զավեշտին և քնարական ապրումներին՝ մեկտեղված ընդհանուր հետաքրքրաշարժ դիպվածաշարի մեջ: Իտալացի (Ալբորետո), հայ (Թագվոր Նալյան և ուրիշներ) լիբրետիստների ջանքերով այդ կատակերգությունները ներկայացվելու էին նախ թուրքերեն: Երաժշտությունը պետք է լիներ աշխույժ, մատչելի և հիմնված արևելյան քաղաքային երգերի ու պարեղանակների տարերքի վրա: Այս կամ այն կերպ հաշվի առնելով առաջարկված պայմանները և գործակցելով Ե.Մելիքյանի, Հ.Վարդովյանի ու Ս.Պենկլյանի երաժշտաթատերական խմբերի հետ, հորինել է հայկական քաղաքաբնակ շրջանակներում կենցաղավարող ընդհանուր արևելյան և ազգային երգ-երաժշտության տիպական ելևէջներով ու կշռույթներով հագեցած, ինչպես և իր վառ անհատականության անշփոթելի կնիքով դրոշմված գործեր՝ «Արիֆի խարդախությունը» (1872թ.), «Քյոսե Քեհյա» (1874թ.) և «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1876թ.): Երեքն էլ Կ.Պոլսում բեմադրվելով իրենց ստեղծման տարիներին կոմպոզիտորի անունը հռչակել են Թուրքիայում և նրա սահմաններից դուրս: Լայն տարածում է ստացել հատկապես «Լեբլեբիջի»-ն, որը բեմադրվել է Թուրքիայի մի քանի քաղաքներում, Եգիպտոսում ու Անդրկովկասում, Հունաստանում և արևմտյան ուրիշ երկրներում: Հնչել է թուրքերեն, հայերեն, հունարեն և այլ լեզուներով: 1880-ական թվականների վերջին ավարտել է նախորդներից բոլորովին տարբեր երաժշտաթատերական մի գործ՝ արաբական հեքիաթի հիման վրա հղացված «Զեմիրե» օպերա-կախարդապատկերը: Դրա բեմադրությունները Կ.Պոլսում (1891թ.՝ ֆրանսերեն, 1894թ.՝ իտալերեն խմբի կատարմամբ), չնայած հաջողությանը, նյութական ապահովություն չեն բերել հեղինակին: Ավելի տանելի պայմաններում ստեղծագործելու ակնկալությամբ, 1896թ., ընտանիքով փոխադրվել է Զմյուռնիա: Մամուլում տեղեկություններ են պահպանվել այն մասին, թե նա 1897թ. ավարտել է «Ինդիանա» օպերան ու սկսել երաժշտաթատերական մի նոր գործ, որը թերավարտ է մնացել սրնթացիկ հիվանդության և անժամանակ մահվան պատճառով: Բացի օպերաներից, հորինել է նաև պատկառելի քանակությամբ սիմֆոնիկ ու կամերային գործիքային, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր ու ռոմանսներ (այդ թվում՝ Մ.Պեշիկթաշլյանի խոսքերով գրված հայկական առաջին լավագույն ռոմանսներից մեկը՝ մեծապես սիրված ու տարածված «Գարունը»): Մահից հետո ցրիվ են եկել նրա գրեթե ամբողջապես անտիպ ստեղծագործությունը ներկայացնող մեծարժեք ձեռագրերը: Մահացել է Արևմտյան Հայաստանի Զմյուռնիա քաղաքում (այժմ՝ Իգդիր): Տիգրան Չուխաճյանի անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը: