ՀԵՆՐԻԿ ՍԻՐԱՎՅԱՆ

Գեղանկարիչ

18 դեկտեմբեր, 1928 - 16 մարտ, 2001

Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի  անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1954թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա և այլուր: 1954-55թթ Լիդիա Դուռնովոյի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին: 1956թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1958-65թթ աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակենկարը (1965թ.), Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն (1966թ.), Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ճեմասրահում` «Հայաստան» եռամաս վիտրաժը: Ստեղծագործել է տարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին: Հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ: Կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ` Կոմիտասի թանգարանի գմբեթի ձևավորումը (Էջմիածնի հոգևոր սեմինարիա, Հակոբ Հակոբյանի և Աշոտ Մելքոնյանի հետ), «Որս» որմնանկարները` Հրազդանի Քաղսի գյուղի մշակույթի պալատում, «Հայաստան» եռապատկեր պաննոն՝ Հայաստանի գրողների տան նախագահության ճեմասրահում, «Բջնիի անցյալն ու ներկան» որմնանկարը` Բջնիի մշակույթի պալատի ճեմասրահում, Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը, «Հայկական երգ» որմնանկարը Հայաստանի երգչախմբային ընկերության ճեմասրահում, «Անի քաղաքը», «Վիլյամ Սարոյան», «Շորժայի ժայռերը», «Գրիգոր Լուսավորչի տեսիլքը», «Զանգեզուր», «Բջնիի տաճարը. 11-րդ դար» (1957թ.), «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար, 1961թ.), «Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը» (1962թ.), «Մարտիրոս Սարյան» (1963թ.), «Առավոտը Զանգեզուրում» (1963թ.), «Գառնիի սարը» (1966թ.), «Առնո Բաբաջանյան» (1966թ.), «Ծաղկեպսակ» (Կոմիտասը և Հովհաննես Թումանյանը, 1969թ.), «Զանգեզուրի լեռներ» (1969թ.), «Ինքնադիմանկար» (1969թ.), «Հոռոմոսի վանքը» (1970թ.), «Ձմեռ. Երևան» (1971թ.), «Աղբյուրի մոտ», «Էջմիածնի Մայր Տաճար. Տրդատի դուռը» (1973թ.), «Գեղարդ» (1973թ.), «Պրահայի գարուն. Կոմիտասի անվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ» (1980թ.), «Սարոյանը Ահնիձորում» (1982թ.), «Հրանտ Մաթևոսյան» (1987թ.), «Հասմիկ Պապյան» (1989թ.), «Երանոս սարը» (1990թ.), «Թուփը» (1991թ.), «Ժայռեր» (1992թ.), «Շուշին ազատագրված» (1992թ.), «Սերգեյ Փարաջանով» (1995թ.), «Հնադարյան թթենի, Դալմայի այգիներ» (1995թ.), «Աղբյուրի մոտ, Կոմիտաս» (1998թ.): Ձևավորել է Հայաստանի առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները Բարսելոնայում, Մոնրեալում, Դելիում և այլուր (1974-86թթ), Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկե օպերան (1981թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն): 1967թ-ից միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում ձևավորել է հայկական տաղավարները (Դամասկոս, 1967թ., Ռիո դե Ժանեյրո, 1968թ., Լագոս, 1974թ., Բուենոս Այրես, 1976թ., Լոս Անջելես, 1977թ., Զագրեբ, 1979թ., Էքսպո-81, Մոնրեալ, Դելի, 1982թ., ոսկե շքանշան լավագույն ձևավորման համար, Բարսելոնա, 1984թ., «Գեղեցկության աստվածուհի» մրցանակ, Փարիզ, 1986թ., Գրան պրի): 1962թ. Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան): Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։ 1962թ. Մոսկվայում դարձել է Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի դափնեկիր: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1993թ., 2003թ., 2009թ., 2013թ. հետմահու): 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար