ԶԱՐԵՀ ԳԱԼՖԱՅԱՆ

Գեղանկարիչ

6 փետրվար, 1887 - 17 նոյեմբեր, 1939

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի գեղարվեստի վարժարանում, որն ավարտելուց հետո պաշտոնավարել է Կենտրոնական վարժարանում` որպես նկարչության ուսուցիչ: Դասավանդել է նաև Պերպերյան վարժարանում: Նրա նկարները առաջին անգամ ցուցադրվել են Կ.Պոլսում և ուշադրություն են գրավել հատկապես «Դոլմա Բահջեն երեկոյան», «Մշուշապատ առավոտը Թոփխանեում», «Ռումելի Հիսարի վերջալույսը» և այլն։ 1920թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցում։ Եղել է «Հայ ազատ նկարիչների միության» քարտուղարը: 1920թ-ից նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի «Անկախների» սալոնում, 1931թ-ից` «Հայ ազատ արվեստագետների միության» ցուցահանդեսներում: Ստեղծել է Կոստանդնուպոլսի շրջակայքը, ֆրանսիական բնությունը պատկերող թափանցիկ, մեղմ գունաշարով պատկերներ: Կյանքի վերջին տարիներին գերազանցապես զբաղվել է մանրանկարչությամբ։ Նկարչի «Ինքնանկար» (1919թ.), «Տրեպորի տեսարան» (1927թ.) կտավները պահվում են ՀԱՊ-ում: Մահացել է Փարիզում: