ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆ

Ճարտարապետ

13 սեպտեմբեր, 1914 - 30 մայիս, 1994

Արմեն Եղիազարյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է գրող Կոստան Զարյանի որդին: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռափաելյան վարժարանում, որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը Հռոմում։ 1937-39թթ սովորել է Փարիզի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Վիեննա, որտեղ հաճախել է Kunst Geverbeshuller կենտրոն, ապա վերադառնալով Իտալիա` սկսել է նախագծող ճարտարապետի գործունեությունը: Մասնագիտական փորձառությունը ստացել է Վիեննայում, որտեղ նախագծել և իրականացրել է մի շարք վաճառատների, մասնավոր բնակարանների ներքին հարդարման, կահույքավորման նախագծեր: 1963թ., Հայաստան տեղափոխվելուց առաջ, իտալացի ճարտարապետ Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկկիի հետ համատեղ իրականացրել է հայ ճարտարապետության պարբերական ուսումնասիրության գործը` Հռոմի ճարտարապետական համալսարանի և Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի համագործակցությամբ: Այս համագործակցության շնորհիվ, հնարավոր դարձավ 1966թ. իրականացնել առաջին գիտարշավը դեպի Հայաստան` դոկտոր ճարտարապետ Պաոլո Կունեոյի ղեկավարությամբ, որն հետագայում հիմնեց Հռոմի Հայ ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը: 1963-89թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում` որպես ճարտարապետ և իրականացրել բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, ինչպես նաև քաղաքաշինական նախագծեր: 1967թ. Արմեն և Հակոբ Մանուկյան եղբայրների ու ճարտարապետ Ադրիանո Ալպագո Նովելլոյի հետ մասնակցել է Միլանի հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի հիմնադրմանը, որը հետագայում Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի հետ համատեղ ծավալել է հայկական ճարտարապետությանը նվիրված գիտական և հրատարկչական լայն գործունեություն: 1964-69թթ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում դասավանդել է եվրոպական ճարտարապետության պատմություն: 1965-70թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: 1968թ-ից եղել է հայ-իտալական մշակութային կապերը համակարգող ղեկավար: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են մի շարք հեղինակավոր ամսագրերում և թերթերում: Հեղինակել է մի շարք մասնագիտական գրքեր` «Իտալական արդի ճարտարապետությունը (1927-60թթ)», «Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը» (1979թ.), «Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության» (1986թ.), «Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը» (1994թ.), «Հայկական ճարտարապետություն. Քննական և տեսական հարցեր» (1996թ.), «Արվեստի բառարան» (1996թ.) և այլն: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և գիտահավաքների: Ժամանակին աշխատել և համագործակցել է այնպիսի ճանաչված ճարտարապետների հետ, ինչպիսիք են` Մ.Մեսսինան, Լ.Մայնարդինան, Ջ.Ստերբինիան, Լ.Պասսարելլինան և այլք: Հեղինակել է բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի, քաղաքաշինական նախագծեր` Հռոմի «Ավտոմոբիլ Կլաբ» շենքը, «Սերաֆիկում» Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի Էուռ թաղամասում, «Վիլլա Դ.Կաստելլո» մենատունը, Երևանի Մաշտոցի պողոտայի բնակելի շենք, Թամանյանի փողոցին կից Հայաստանի գրողների միության բնակելի շենքի նախագիծը, գլխավոր պողոտան, Հանրապետության, Աբովյան փողոցների բարեկարգման նախագիծը, Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծը և այլ աշխատանքներ: Եղել է ճարտարապետության դոկտոր: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար