ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ

Գեղանկարիչ

20 ապրիլ, 1915 - 28 նոյեմբեր, 1992

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում: 1935թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1941թ.` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում: Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ: Ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող` «Սայաթ-Նովա» (1945թ., կավճաներկ, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մրցույթի 1-ին մրցանակ): Ուշագրավ է նկարչի «Բույլ հանճարաց» դիմանկարների շարքը` «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Կոմիտաս» (1946-79թթ), «Վիկտոր Համբարձումյան» (1980թ.): Պատկերել է Ստեփան Շահումյանին (այդ թվում` Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986թ.), Խաչատուր Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948թ., կավճաներկ, Տարտուի համալսարան), Հովհաննես Թումանյանին (1969թ., խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Սուրեն Սպանդարյանին (1980թ., կավճաներկ) և այլն: Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983թ.) պատկերի և «Ինքնանկարի» (1984թ., երկուսն էլ` կավճաներկ): Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975թ.) հուշապատումը` նվիրված Ավետիք Իսահակյանին, և ճեպանկարների շարքը` բանաստեղծի քառատողերով (1975թ.): 1983թ. Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում: Գործերից պահվում են մի շարք երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, ՀԱՊ-ում, մասնավոր հավաքածուներում: 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար