ԳԱՐԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

19 մայիս, 1910 - 2 նոյեմբեր, 1986

Ծնվել է Երևանում: 1928-32թթ սովորել է Երևանի թատերական տեխնիկումում: 1928-41թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է 32 դեր տարբեր ներկայացումներում: Աշխատել է նաև որպես ռեժիսոր և բեմանկարիչ: Միաժամանակ գրել է պիեսներ, սցենարներ, կատարել է թարգմանություններ, որոնցից 15-ը բեմադրվել են կինոյում և թատրոնում: 1953թ-ից աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1964թ-ից եղել է կրկնօրինակման ռեժիսոր: 1943-46թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն): 1946-52թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը: Թատրոնում միաժամանակ բեմադրվել են ներկայացումներ թե մեծահասակների (երեկոյան ժամերին) և թե փոքրերի (ցերեկային ժամերին) համար: Այն ժամանակ «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացումը եզակի ներկայացում է համարվել: Հատուկ հաստոց էր մշակվել, որի օգնությամբ Գուլիվերի դերը կատարում էր կենդանի դերասան, իսկ լիլիպուտների դերը` տիկնիկները:Մոսկվայի տիկնիկային թատրոնի ղեկավար Սերգեյ Օբրազցովը գաղտնի ժամանել է Երևան, տոմս գնել և որպես հասարակ հանդիսատես ներկա գտնվել ներկայացմանը: Ներկայացումից հետո մոտեցել Մուշեղյանին և հրավիրել աշխատելու Մոսկվայի տիկնիկային թատրոնում, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով վերջինս ստիպված էր հրաժարվել հրավերից: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Լեռնային արշավ» (1939թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964թ.) և այլն: Եղել է ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1981թ. անցել է թոշակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար