ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆ

Բեմադրիչ, դերասան

13 հունիս, 1941 - 14 հունվար, 2015

Ծնվել է Երևանում: 1964-69թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Չորրորդ կուրսում արժանացել է ռեժիսորական կուրսերի ուսանողական մրցույթի առաջին մրցանակին (Պ.Մերիմե «Աֆրիկական սեր»): 1969թ. Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացրել է Գ.Մամլինի «Հեյ, քեզ հետ եմ, բարև» բեմադրությունը (դիպլոմային աշխատանք), որը տասը տարի չիջավ բեմից: Նույն թատրոնում կայացել է նաև որպես դերասան՝ խաղալով Լինդգրենի «Մանչուկն ու Կարլսոնը» (Կարլսոն) պիեսում: 1972-73թթ աշխատել է Սարատովի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես ռեժիսոր, իսկ 1973-74թթ որակավորում է ստացել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում: 1974թ. Կապանի պետական թատրոնում բեմադրել է Մ.Բաղջիևի «Մենամարտ» պիեսը: 1975-95թթ ռեժիսուրայի արվեստ է դասավանդել Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում, զուգահեռ տասը տարի դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի բաժնում: 1978թ. Լենինականի պետական թատրոնում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) բեմադրել է Ռոշչինի «Վալենտին և Վալենտինա», 1998թ.՝ Է.դե Ֆիլիպպոյի «Չեմ վճարի» պիեսները: Աշխատել է նաև Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես բեմադրիչ: Առանձնակի արժեք ունեն նաև նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները` Ե.Շվարցի «Երկու թխկի» (կեն­դանի եթեր), Ա.Պետրոսյանի «Աբգար դպիր Թոխաթեցին», Վ.Սարոյանի «Մարդկային կատակերգություն», Ա.Չեխովի «Հիվանդասենյակ համար 16» (վերջին երկուսի բեմականացումը կատարել է ինքը), Կ.Չապեկի «Ինչպես է բեմադրվում պիեսը», Է.դե Ֆիլիպպոյի «Տրոմբոնահարը», Կ.Խոդիկյանի «Դար­պասներ» և այլն: Ավելի քան 15 ներկայացում է իրականացրել ռադիոթատրոնում: Բեմադրել է նաև Սերվանտեսի և Ժակ Պրևերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը: Առաջին անգամ Երևանում` «Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է «Սրճարան-թատրոն»: 1975-95թթ ղեկավարել է Երևանի Նոր-Արեշի թիվ 7 մշակույթի տան ժողովրդական թատրոնը (Ստեփան Անդրանիկյանի հետ), որտեղ բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ: 2011թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի: 2012թ. նկարահանվել է «Կորած և մոլորված Հայաստանում» գեղարվեստական ֆիլմում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար