ՀՈՎՍԵՓ ԿՈՒՍԻԿՅԱՆ

Լեզվաբան, բանասեր

14 հունիս, 1890 - 27 դեկտեմբեր, 1964

Ծնվել է Մոսկվայում: Եղել է գրականագետ Կարապետ Կուսիկյանի որդին: 1915-20թթ Լազարյան ճեմարանում դասավանդել է հայերեն, ռուսերեն, լատիներեն, գրաբար, կովկասագիտություն և այլն: Աոաջին անգամ տպագրվել է 1918թ., հետագայում աշխատակցել է բազմաթիվ ամսագրերի և ժողովածուների, այդ թվում նաև «Византийский временник», «История СССР» , «Советская книга», «Սովետական գրականություն» և այլն, ինչպես նաև արտասահմանյան ամսագրերի։ Ապրել է Մոսկվայում, սակայն ամեն տարի այցելել է Հայաստան, դասախոսություններ կարդացել պետական համալսարանում, հայկական մանկավարժական ինստիտուտում, ռուսական մանկավարժական ինստիտուտում (1921թ-ից՝ պրոֆեսոր)։ 1935-37թթ Երևանի պետական համալսարանում և մանկավարժական ինստիտուտում վարել է Հռոմի պատմության, բյուզանդագիտության, սլավոնագիտության, ընդհանուր լեզվաբանության դասընթացներ: 1950թ-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում: Նրա ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայոց լեզվին: Հեղինակել է նաև պատմագիտական, բյուզանդագիտական և սլավոնագիտական աշխատանքներ: Մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի ռուսերեն թարգմանության խմբագրությանը, ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Սամվել» պատմավեպը (1958թ.): Գրել է բազմաթիվ հոդվածներ, աշխատակցել է հանրագիտարանների։ «Փոքր սովետական հանրագիտարանում» տպագրվել են նրա հոդվածները Շուշանիկ Կուրղինյանի, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վրթանես Փափազյանի, Հակոբ Պարոնյանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Րաֆֆու մասին։ «Սովետական մեծ հանրագիտարանում» տպագրվել են լեզվաբանի հետևյալ հոդվածները՝ «Հայոց լեզու», «Հրաչյա Աճառյան», «Աշխարհաբար», «Գրաբար», «Հայ հնագրություն»։ Նրա տպագիր աշխատությունների թիվը հասնում է 90-ի, որոնց թվում՝ մի շարք մենագրություններ։ Ռուսերեն լեզվով հրատարակել է երեք մենագրություն. «Ժամանակակից հայ գրական լեզվի քերականություն» (1950թ.), «Հայ գրական լեզվի պատմական շարահյուսության ուրվագծեր» (1959թ.), «Փոփոխություններ սովետական շրջանի հայոց գրական լեզվի բառային կազմում» (1964թ.)։ «Հայ գրական լեզվի քերականություն» աշխատությունը հայոց լեզվի նորմատիվ քերականությունն Է ռուսերեն լեզվով շարադրված։ 1962թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար