ԽՈՐԵՆ ՍՏԵՓԱՆԵ

Բանաստեղծ

5 հունիս, 1840 - 14 նոյեմբեր, 1900

Ստեփան Ստեփանյան

Ծնվել է Թիֆլիսում: Տեղի Ներսիսյան դպրոցում սովորելուց հետո, 1858թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1862թ.` Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ 1862թ. վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժությամբ։ Հիմնել է Մարիամյան օրիորդաց դպրոցը և Հավլաբարի առաջին երկսեռ դպրոցը (1869թ.)։ 1864թ-ից հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» ամսագիրը (1866թ-ից` «Հայկական աշխարհ»)։ 1871թ., ձեռնադրվելով վարդապետ, դասավանդել է Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) վանական ժառանգավորաց և ծխական դպրոցներում։ 1872թ. եղել է Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ, 1873-77թթ աշխատել Շուշիում, Թիֆլիսում և Բաքվում։ 1878-80թթ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, խմբագրել «Արարատ» հանդեսը։ 1880թ. գործուղվել է Եվրոպա` հմտանալու մանկավարժության ասպարեզում։ Շուրջ մեկամյա ուսումնառությունից հետո նշանակվել է Ախալցխայի և Ախալքալակի առաջնորդական փոխանորդ և հայկական դպրոցների տեսուչ, խմբագրել «Մանկավարժանոց» պարբերականը։ 1887-95թթ աշխատել է Մոսկվայում, Պետերբուրգում, Վաղարշապատում, Աստրախանում։ Ցարական իշխանությունների հրահանգով 1895-1900թթ մեկուսացվել է հրատարակչական գործունեությունից և ուղարկվել Նոր Նախիջևանի Սբ. Խաչ վանքը, որի հրատարակություններից ստացած եկամուտը տրամադրել է Կիլիկիայի և Վանի հայկական նորաբաց դպրոցներին։ Զբաղվել է նաև գրական-բանասիրական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ: «Հյուսիսափայլում» տպագրվել է «Իշխան Բագրատունի» գրական կեղծանունով: Կատարել է թարգմանություններ, փոխադրություններ։ Հատկապես արժեքավոր է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» նրա կատարած աշխարհաբար թարգմանությունը։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար