
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

1 սեպտեմբեր, 1889 - 18 հուլիս, 1938
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բալուի գավառակի, Եփրատի ափին գտնվող Դավթիկ գյուղում, որն Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ 1897թ. ընդունվել է տեղի ազգային Կեդրոնական վարժարան, որտեղ գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել վարժարանի ձեռագիր ամսաթերթում` մորական Գույումճյան ազգանվան տակ։ Ուսուցման վերջին տարվա ընթացքում հաճախ այցելել է Խարբերդում գտնվող Թլկատինցու «Կարմիր դպրոց» անհատական վարժարան, ուր ստացել է գրական ուղղություներ: 1907թ. ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը՝ աշակերտելով Թլկատինցուն և Ռուբեն Զարդարյանին: 1907թ. Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին՝ «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը: 1908թ. մեկնել է Կ.Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը («Ավերակ»), 1909թ.՝ երկրորդը («Սրինգ»): 1909թ. մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912թ. ընդունվել Ուիսքոնսընի համալսարան, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը: Ուսանողական տարիներին ստիպված է եղել ապրուստի փող հայթայթել ֆիզիկական տարբեր բնույթի աշխատանքներ կատարելով: Հիմնականում աշխատել է մորեղբոր արևելյան գորգի վաճառատանը: 1915թ. մոտ 400 ամերիկահայ կամավորականների հետ ուղևորվել է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցել է ազատագրական պայքարին, կռվել Վանում և Էրզրումում: Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին: 1917-18թթ Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ.Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին: 1916-20թթ հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916թ.), «Տոնոն» (1917թ.) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1917թ.), «Արևելք» (1918թ.) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918թ.) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է հեղինակի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամբ: Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920թ. մայիսին թողել է Կովկասը, մեկնել Կ.Պոլիս: 1922թ. վերադարձել է Հայաստան: Ճանապարհին, Կ.Պոլսում հրատարակել է «Փոթորկին մեջ» (1922թ.) վեպը, որով անդրադարձել է համաշխարհային-պաամական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին: 1923թ. Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-26թթ աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում: Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923թ.), «Պողպատի ճաշ» (1924թ.), «Նոր Բյուզանդիոն» (1925թ.), «Սասմա ծռեր» (1925թ.), «Հրդեհ» (1927թ.) դրամատիկական ստեղծագործությունները, «Նյու Յորք» (1927թ.), «Կոմսոմոլ Կարոյի արկածներից» (1927թ.), «Գյումրի-Նյու Յորք» (1929թ., Ե.Չուբարյանի հետ) վիպակները, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ: Գրողի «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացել է համամիութենական մրցանակի, թարգմանվել, բեմադրվել է շատ տեղերում, այդ թվում և Փարիզում: 1934թ. Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների 1-ին համագումարին: 1929-36թթ նրա ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է եղել, լույս են տեսել «Ամերիկա» (1929թ.) պատմվածաշարը, «Ասատուր և Կլեոպատրա» (1929թ.), «Աղավնիներ» (1934թ.), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935թ.) պատմվածքները և շատ այլ գործեր: Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-34թթ) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի և ազգային նկարագրի ռեալիստական պատկերումը: Գրողի լավագույն գործերից են նաև «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933թ., ռուսերեն՝ 1963թ., անգլերեն՝ 1971թ.) ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934թ.), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934թ.) վիպակները, «Երկու սուր» (1930թ.), «Բաքու-Լոնդոն» (բեմ.՝ 1932թ.), «Մոխրակույտ» (1936թ.) պիեսները: Գրել է «Աստղաձոր» օպերայի լիբրետոն, գրականագիտական ուսումնասիրություններ ու հրապարակախոսություններ՝ «Ա.Շիրվանզադե» (1930թ.), «Հովհաննես Թումանյան» (1931թ.), «Հայ ազգի «փրկիչ» դաշնակները» (1931թ.): Թարգմանել է Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները, Հ.Ջավիդի «Սեյավուշ» պատմական չափածո դրաման: «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Կտոր մը երկինք» (1980թ.) ֆիլմը: 1936թ. բազմաթիվ այլ հայ մտավորականների հետ բռնադատվել է, դարձել ստալինյան ռեպրեսիաների զոհ, երկու տարի անց գնդակահարվել: 1954թ. հետմահու արդարացվել է: