ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

Բանաստեղծ

21 հունվար, 1878 - 4 ապրիլ, 1945

Ծնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սովորել է Կ.Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում: Աշխատել է Կ.Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետև, որպես առևտրական պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս: 1905թ. Ալեքսանդրիայում (Մ.Կյուրճյանի հետ) հիմնադրել է «Շիրակ» հանդեսը: 1908թ. այն փոխադրել է Կ.Պոլիս, հրատարակել որպես շաբաթաթերթ: Եղել է «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբերականների խմբագիրը: Ասուպ, Համշիրակ Բ, Սկայորդի և այլ ծածկանուններով աշխատակցել է ժամանակի պարբերականներին: Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել է որբահավաքման գործին, իբրև ուսուցիչ աշխատել Կ.Պոլսի, Կիպրոսի և այլ վայրերի հայ ազգային վարժարաններում: Գրական ասպարեգ է մտել 19-րդ դարի 90-ական թվականներին: Նա արևմտահայ դասական բանաստեղծության վերջին և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է: Առաջին ստեղծագործությունը («Կաղանդը Կեսարիո մեջ») տպագրվել է 1894թ., Կ.Պոլսի «Հայրենիք» թերթում: 1901թ. Փարիզում հրատարակվել է գրողի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգերը»: Երկրորդ ժողովածուի («Հրաշալի հարություն», 1914թ.) որոշ ստեղծագործություններում («Արարատի դաշտին մեջ», «Հայրենի զրույցներու վրա» շարքերում) հեղինակը հայ ժողովրդի հերոսական անցյալը հակադրում էր իր ժամանակի իրականությանը: Նրա «Կես գիշերեն մինչև արշալույս» (1918թ.) գրքում արտահայտված են Հայոց ցեղասպանության (1915թ.) սարսափները, բնաջնջվող ժողովրդի տառապանքի հոգեբանությունը: Անհատի զգացմունքներն ու ձգտումները համամարդկային հնչեղության են հասնում «Սեր» (1933թ.) ժողովածուում: Գրել է բանաստեղծություններ Սովետական Հայաստանի մասին («Ներկա Հայաստանին» շարքը), ոգևորվել նրա առաջադիմությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմում հայորդիների հերոսական գործերով («Հայաստանը Ռուսաստանին», 1944թ.): 1943թ. հրատարակել է հայրենասիրական «Հայերգություն» ժողովածուն, 1945թ.՝ «Տաղարան»-ը: Գրողի պոեզիան աչքի է ընկնում ձևի վարպետությամբ ու նրբությամբ: Նա սոնետի խոշոր վարպետն է հայ գրականության մեջ: «Արև» թերթում տպագրվել է նրա «Եթե տերը կամենա» վեպը, իսկ «Բարձրավանքում»՝ «Մարք Ֆուրթունի արկածը» վիպակը (1922թ.): Գրել է նաև պատմվածքներ ու քրոնիկներ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժումների հետ: Թարգմանել է Վ.Շեքսպիրի սոնետներից, Բոդլերի, Վեռլենի և այլոց բանաստեղծություններից: Գրել է հրապարակախոսական և զրական բազմազան հոդվածներ: Մահացել է Կահիրեում: 1947թ. Բեյրութում նրա անունով ստեղծվել է «Թեքեյան» մշակութային միությունը, որն աշխարհի բազմաթիվ հայկական գաղթօջախներում ունի մասնաճյուղեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար