ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Օպերային երգիչ

5 փետրվար, 1928 - 6 հունվար, 2015

Ծնվել է Թուրքմենիայի Մարի քաղաքում: 1931թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու: 1941թ. աշխատել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, հետպատերազմյա շրջանում՝ որպես բեռնատարի վարորդ: Երաժշտական կրթությունն ստացել է 19 տարեկան հասակում Բաքվի կոնսերվատորիային կից դպրոցում՝ Սուսաննա Միքայելյանի դասարանում: 1949թ. սովորել է Բաքվի կոնսերվատորիայում: Առաջին ելույթը կայացել է դպրոցական տարիներին. Տրիկե դերերգով հանդես է եկել կոնսերվատորիայի բեմականացրած Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում: 1954թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Լենսկի), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Կոմս), «Տրավիատա» (Ալֆրեդ), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Ֆաուստ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Երիտասարդ զինվորական) և այլն: 1968թ-ից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համերգներով ելույթներ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում` բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական երգարվեստը: Բացի օպերային կատարումներից հանդես է եկել Ադրբեջանի էստրադային, Հայաստանի սիմֆոնիկ, Արտեմի Այվազյանի ղեկավարած նվագախմբերում: Իսկ հայկական ռադիոյում հանդես է եկել էստրադային հնգյակի հետ: Երգացանկում ընդգրկված են եղել Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Աբրահամյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ, հայկական ժողովրդական երգեր: Նկարահանվել է «Ծերունին և ծովը» (1981թ.), «Թույն գնեք» (1997թ.), «Passeurs de rêves» (2000թ.) ֆիլմերում: 1957թ. Մոսկվայի Վոկալիստների 4-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ արժանացել է արծաթե մեդալի: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար