Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

Հայագետ, եկեղեցական գործիչ

20 սեպտեմբեր, 1908 - 18 օգոստոս, 1994

Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոս

Ծնվել է Բուխարեստում որպես Կարապետ Աբրահամի Պալճյան: Սեպտեմբերի 23-ին մկրտվել է, որից հետո նրան տրվել է նաև երկրորդ` Լևոն անունը և վերանվանվել է Լևոն-Կարապետ Պալճյան: Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ) տարիներին հաստատվել էր նրա ընտանիքը։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-26թթ՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937թ.՝ գործնական մանկավարժության բաժինը։ 1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937-38թթ)։ 1929-43թթ դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-44թթ) կազմում։ 1943թ. ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Վազգեն։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947-55թթ)։ 1948թ. Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951թ.՝ եպիսկոպոս։ 1954թ. ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955թ. սեպտեմբերի 30-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Առաջինի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։ Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

1988թ. Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989թ.), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Սովետական Միության փլուզումից հետո լայն գործունեություն է ծավալել Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կլիկիկիո ճյուղերի միավորման համար։ Ծավալել է նաև եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը։ Նրա նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։ Մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։ Կարևոր են նաև վեհափառի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933թ.) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լեռան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։ 1992թ. մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991թ. սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։ Նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունն են ստանձնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ Ազգային Ժողովը: 1952թ. պարգևատրվել է Ռումինիայի «Հանրապետության աստղ» շքանշանով, 1962թ.՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան, 1968թ.՝ Խաղաղության պաշտպանության կոմիտեի ոսկե մեդալներով, 1968թ.՝ ԽՍՀՄ «Պատվո նշան», 1978թ.՝ Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ 1991թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ: 1994թ. հուլիսի 28-ին Հայաստանում առաջինն է արժանացել Ազգային հերոսի բարձրագույն կոչման։ Մահացել է Երևանի հայրապետական իր առանձնատանը: Վազգեն Առաջինի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը, դպրոցներ՝ Վանաձորում,, Երևանում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008թ.) և Մայր աթոռ Սբ. Էջմիածնում (2010թ., քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան) և այլուր։ 2008թ. «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908-1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար