ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

3 հունվար, 1924 - 23 դեկտեմբեր, 2010

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Տեղի քոլեջն ու Բեյրութի ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո, 1946թ. տեղափոխվել է Հայաստան ու սովորել Երևանի պետական համալսարանի բանասիրական, հոգեբանության և տրամաբանության բաժիններում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում: Երևան վերադառնալուց հետո աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում, այնուհետև` «Հայպետհրատում», որից հետո նշանակվել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: Գրել սկսել է վաղ հասակից և տպագրվել է Սիրիայի ու Լիբանանի գրական մամուլում: Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939թ., Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում, իսկ առաջին գիրքը` «Վշտի ծաղիկները»՝ 1942թ., Հալեպում: 1946թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նաև նրա «Անապատում» 1953թ., «Պարտություն» (վիպակ, 1957թ.), «Այգիների աշխարհում» (ակնարկ Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի այգեգործ-բրիգադավար Վահագն Ալավերդյանի մասին, 1961թ.), «Փյունիկ» (վիպակ, 1962թ.), «Առանց հայրենիքի» (վիպակ, 1963թ.), «Արծիվն ու հովիվը» 1964թ., «Եղեգները չխոնարհվեցին» (վեպ, 1966թ., 1967թ., 1970թ.), «Մադլենն ապրում է Փարիզում» (պատմվածքներ, 1975թ.), «Անառագաստ նավակներ» (վիպակ, 1978թ.), «Ապառաժները արտասվել գիտեն» (վիպակ, 1980թ.), «Ոսկեգույն ծիրկաթին» (վիպակներ, 1981թ.), «Եղեգները չխոնարհվեցին։ Անառագաստ նավակներ» (վեպ, վիպակ, 1984թ.), «Չսպիացած վերք» (վեպ, 3 գիրք, 1989թ., 1990թ., 1995թ.), «Լուսաւորեալ խորաններ» (Հուշագրություն, 1993թ.), «...և Ատրուշաններ» (Հուշագրություն, 1995թ.), «Ճամփեզրի վրա» 1998թ., «Վաթսունականք» 2002թ., «Ձայն բազմաց...» 2008թ., «Յորձանուտը» (հուշեր, 2009թ.) և այլ գրքեր: «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվածներին, պատմում է Զեյթունի վերջին հերոսամարտի մասին: Եղել է եվրոպական գրողների «Փեն» ակումբի անդամ, 1981-86թթ՝ Հայաստանի մշակույթի նախարարության Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: Գրողի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։ Անգլերենից եւ ֆրանսերենից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Հերբերտ Ուելսի, Ժան Պոլ Սարտրի և այլոց գործերից: «Հայաստան» հրատարակչությունում նրա նախաձեռնությամբ սկսել են հրատարակվել «Սփյուռքահայ գրողներ» և «Հայ մատենագիրներ» շարքերը: Գրողի սցենարով 1980թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Կտոր մը երկինք», իսկ 1984թ.` «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարները: 2001թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Պարգևատրվել է Աշխատանքային գերազանցության կրծքանշանով, «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով: 1970թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար