ՎԱՀՐԱՄ ԲԱԲԱՅԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1948թ. օգոստոսի 19-ին, Երևանում: Առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում, իսկ 9 տարեկանում` Սիմֆոնիա լարային նվագախմբի համար: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը՝ Վահե Ահարոնյանի դասարանը, 1973թ.` կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը: Նույն թվականից դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Երկերից են` «Օտարականը» (1970թ.), «Բեթհովենի նամակները» (1977թ.), «Համլետ» (1990թ.), «Liramlarum» (2002թ.), «Երգ սիրո և գեղեցկության մասին» (2003թ.), «Մուսա լեռան 40 օրը» (2004թ.) օպերաները, «Պիգմալիոն» (1975թ.), «Պան» (1977թ.), «Դեպի Լույս» (1995թ.), «Փոքրիկ իշխանը» (1998թ.) բալետները, «Քրիստոսը խոսում է» (1991թ.), «Քրիստոսի կյանքից» (1995թ.) օրատորիաները, 9 սիմֆոնիա, 2 սիմֆոնիկ պոեմ, բազմաթիվ կոնցերտներ (5-ը` դաշնամուրի համար), 3 կամերային սիմֆոնիա, Սիմֆոնիա հարվածային գործիքների համար, 4 երգչախմբային սիմֆոնիա, ստեղծագործություններ լարային նվագախմբի համար, 7 լարային կվարտետ, դաշնամուրային կվարտետ, փողային կվինտետ, դաշնամուրային տրիո, բազմաթիվ սոնատներ տարբեր գործիքների համար (7-ը` դաշնամուրի համար), վոկալ շարքեր, երաժշտություն երեխաների համար և այլն: Նրա ստեղծագործությունները հնչել են աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոներում և համերգներում: Լինելով նաև դաշնակահար, ելույթներ է ունեցել 10-ից ավելի երկրներում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ: Ստեղծագործական վաղ շրջանին հատուկ է ավանգարդիստական կողմնորոշումը, միջին շրջանում կոմպոզիտորը հակվում է դեպի նեոռոմանտիզմ, հասուն շրջանում` դեպի էքսպրեսիոնիզմ: 1998թ-ից Հայաստանում կազմակերպվել են Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոներ: Ստեղծագործությունները հրատարակվել են Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանում: Հեղինակել է երաժշտական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1975թ. Ա.Իսահակյանի 100-ամյակին նվիրված հանրապետական մրցույթում նրա Երրորդ սիմֆոնիան, ըստ բանաստեղծի «Աբու-Լալա Մահարի» պոեմի, արժանացել է մրցանակի: 1982թ. արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչման: Դարձել է նաև «Թեքեյան» մշակութային միության «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակի դափնեկիր` 2009թ. Յոթերորդ` «Լայպցիգյան» լարային կվարտետի համար: Նույն թվականին նրա «Hymne» դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունն արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի Հայերի միության «Լավագույն ստեղծագործության համար» մրցանակի: 2011թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2014թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար