Դերենիկ Դեմիրճյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան

Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան

Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի

Պատմաբան

Սարգիս Սարգսյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Դերասան, ասմունքող

5 սեպտեմբեր, 1904 - 29 սեպտեմբեր, 1979

Ծնվել է Թիֆլիսում: 1921-25թթ սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: 1925-32թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, որտեղ խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆուրմանովի «Խռովություն» (Ֆուրմանով), Մ.Գորկու «Հատակում» (Վասկա Պեպել), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի) և այլն: 1932թ-ից ամբողջությամբ նվիրվել է ասմունքի արվեստին: 1939թ-ից եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի ժամանակ (ծրագրում` «Սասունցի Դավիթ»): Ստեղծել է հայերեն և ռուսերեն ավելի քան երեք տասնյակ գրական կոմպոզիցիա: Ստեղծագործական նախասիրությունը եղել է գրական նշանավոր երկերի ասմունքը` Ռուսթավելու«Ընձենավորը», Բոկաչչոյի «Դեկամերոն», Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի», Հոմերոսի «Ոդիսական», «Հազար ու մեկ գիշեր», որոնք նրա խաղացանկում պահպանվել են տասնյակ տարիներ: Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Վ.Շեքսպիրի վեհաշունչ խոսքը («Հանուն հայրենիքի» կոմպոզիցիան), և Լ.Տոլստոյի հոգեբանական թափանցումները («Կրեյցերյան սոնատ»), և Խ.Աբովյանի արարատյան բարբառը, և Գ.Սունղուկյանի թիֆլիսահայերենը («Մակակո», ըստ «Վարինկի վեչերը» պատմվածքի), և Հ.Թումանյանի, Ե.Չարենցի, և ռուս ժամանակակից գրողների (Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Բ.Պոլևոյի «Ոսկի») ոճն ու լեզուն: Ելույթներով շրջագայել է ողջ Սովետական Միությունում, այդ թվում` Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1967թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1951թ.` ԽՍՀՄ, 1975թ.` ՀՀ Պետական մրցանակների: Պարգևատրվել է նաև «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: