Թեոդոր Աման

Գեղանկարիչ

Արազի

Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան

Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան

Ճարտարապետ

Արմեն Աղալյան

Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան

Ճարտարապետ

Արեգ Լուսինյան

Կոմպոզիտոր

Բաբկեն Սիմոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան

Հաղորդավար, լրագրող

Անուշկա

Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան

Բալետի արտիստ, պարուսույց

Աննա Դավթյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ

Դերասանուհի

25 մայիս, 1857 - 10 հունիս, 1932

Մերոպե Գանթարճյան

Ծնվել և սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում: 1873թ-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում»: 1874թ-ից խաղացել է Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա` Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»: Հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի` հայկական և թուրքական ներկայացումներում: 1878թ. եղել է Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի: 1879-81թթ և 1891-92թթ, հայկական թատերական կոմիտեի հրավերով, խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում: 1881թ. մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին: 1882թ. կրկին հրավիրվել է Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս, որտեղ հռչակվել է Ֆաթիմեի դերով` Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետում: 1891թ. կրկին հրավիրվել է Թիֆլիսի մշտական թատերախումբ, 1892թ. վերջին վերադարձել է Կ.Պոլիս, 1895թ-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում: 1897թ. նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբ, որտեղ հանդես է եկել դրամատիկական դերերով: 1901թ. հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է եղել, որ խաղացել է Համլետի դերը` Վ.Շեքսպիրի «Համլետ» ներկայացման մեջ: Անձնավորել է շուրջ 300 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել, 1874թ.), «Էլի մեկ զոհ» (Անանի, 1881թ.), «Ամուսիններ» (Մարգարիտ, 1897թ.), Վ.Հյուգոյի «Անջելո» (Կատարինա, 1879թ.), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելյա, 1880թ.), «Վենետիկի վաճառականը» (Պորցիա, 1898թ.), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Յուլինկա, 1880թ.), «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա, 1898թ.), Կամոլետտիի «Քույր Թերեզա» (Թերեզա, 1881թ.), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան, 1892թ.), Շիլլերի «Ավազակներ» (Ամալյա), «Օռլեանի կույսը» (Հովհաննա դ'Արկ, 1892թ.), Դոնիչետտիի «Զավակ» (Մադլեն, 1892թ.), Սկրիբի և Լեգուվեի «Ադրիեն Լեկուվրյոր» (Ադրիեն, 1898թ.), Զուդերմանի «Հայրենական տուն» (Մագդա, 1898թ.), Նեմիրովիչ-Դանչենկոյի «Կյանքի արժեքը» (Աննա Դեմուրինա, 1899թ.), «Մարի Մտյուարտ» (Մարի Ստյուարտ, 1899թ.), Սուվորինի և Բուրենինի «Մեդեա» (Մեդեա, 1898թ.), Գրիլպարցերի «Սաֆո» (Սաֆո, 1900թ.), Սիլվեստրի և Մորանի «Իզեիլ» (Իզեիլ, 1901թ.), Սարդուի «Տոսկա» (Տոսկա, 1903թ.), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա, 1903թ.), Ռոստանի «Արծվիկ» (Արծվիկ , 1904թ.), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Զեյնաբ, 1904թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Իշխանուհի, 1913թ.), Բեռնշտեյնի «Իսրայել» (Ագնես, 1913թ.), Ռասինի «Ֆեդրա» (Ֆեդրա, 1913թ.) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել նաև Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907-08թթ` Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910թ.` Կոստանդնուպոլսում: 1912թ. ելույթներ է ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ դերասաուհուն համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ: 1918-21թթ շրջագայել է Պարսկաստանում: 1922թ., հրաժեշտի ներկայացումներով, հանդես է եկել Թիֆլիսում: Եղել է հայ թատերական մշակույթի այն զորեղ անհատներից, ում անվան հետ է կապվում թատրոնի պատմության մի ամբողջ դարաշրջան: Եղել է այն եզակի արվեստագետներից, որի գործունեությունը բարձրացրել է հայ թատրոնի հեղինակությունն ոչ միայն ազգային իրականության մեջ, այլև հայրենի երկրի սահմաններից դուրս: Նրա արվեստի գլխավոր բովանդակությունը սեփականատիրական հասարակության մեջ անիրավված կնոջ պայքարն է մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար, դաժան իրականության և բարձր գաղափարի բախումը, հոգեկան բարձր մղումների ողբերգական խորտակումը: Նրա արվեստը եղել է անհաշտության և ըմբոստացման կոչ: Նրա հուզումնառատ խաղի մեջ մի կիրք կար, որ կերպարին, անկախ նրա ապրած ժամանակներից, կապում էր արդիականության հետ: Նրա արվեստը լինելով ժողովրդական զանգվածների ազատագրական շարժումների դարաշրջանի ծնունդը, խորապես դեմոկրատական էր, հումանիստական: Ունենալով սուր միտք, հուժկու տեմպերամենտ, լինելով հմայիչ դերասանուհի, իր խաղով հասել է ցնցող ազդեցության: Դերասանուհու արվեստը բարերար ազդեցություն է ունեցել 20-րդ դարի առաջին երկու տասնամյակում գործող դերասանների և դերասանուհիների ստեղծագործության վրա: Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում: Նրա կարծիքով` մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932թ., Ալեքսանդրիայում` Մարգարիտ Գոթիեի դերով` Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ: Մահացել է տունդարձի ճանապարհին, Կահիրեում, թաղված է տեղի հայկական ազգային գերեզմանատանը: