ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս

20 հունվար, 1919 - 25 օգոստոս, 2006

Ծնվել է Երևանում: 1937թ. ավարտել է Երևանի ցուցադրական (Ն.Աղբալյանի անվան) դպրոցը: Եղել է բանաստեղծ Հովհաննես Շիրազի կինը: 1933թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին «Պատասխան Թումանյանին» բանաստեղծությունը: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-50թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1941թ-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: 1945թ. լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952թ. «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակների: Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: 1962թ-ից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են»,  «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը: Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»: Եղել է ԽՍՀՄ, ՀՀ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության պետական, Իսահակյանի անվան մրցանակների դափնեկիր: 1970թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980թ.` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: 1998թ. Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: Եղել է ԽՍՀՄ  Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: 2009թ. նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար