ԱՐԱՄ ՎՐՈՒՅՐ

Դերասան, բեմադրիչ

13 մարտ, 1863 - 5 մարտ, 1924

Արամ Մաքաշչյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Բեմական գործունեությունն սկսել է 1882թ., Թիֆլիսում: Աշխատել է Թիֆլիսի, Բաքվի թատերախմբերում, հանդես եկել նաև Ռուսաստանի, Անդրկովկասի հայաշատ վայրերում: Լինելով կատակերգակ դերասան` անձնավորել է նաև դրամատիկական և բնութագրական կերպարներ: 1890թ. Կ.Պոլսում տեղի ռամկական բարբառի է փոխադրել և բեմադրել Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն` անձնավորելով գլխավոր դերը: 1895թ. Թիֆլիսում առաջին անգամ բեմ է հանել Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը, ապա` «Մեծապատիվ մուրացկաններ»-ը` անձնավորելով գլխավոր հերոսներին: Արևելահայ թատրոնում նրա թարգմանությամբ բեմադրվել են Մոլիերի «Տարտյուֆ», «Ագահը», «Ժորժ Դանդեն», «Դոն Ժուան» պիեսները: Խաղացել է մոլիերյան մի շարք դերեր` Օրգոն («Տարտյուֆ»), Հարպագոն («Ագահը»), Սգանարել («Դոն Ժուան»), Արգան («Երևակայական հիվանդը») և այլն: Խաղացել է նաև Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Սուլեյման), Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» (Քավոր Պետրոս), Դոլդոնիի «Դոն Գրիգորիո» (Դոն Գրիգորիո), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Միլլեր), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Լյապկին-Տյապկին), Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Բեն Ակիբա), Լ.Շանթի «Հին ասավածներ» (Զաքարիա) և այլ ներկայացումներում: 1910թ., Մոսկվայում, տեղի հայ սիրողների հետ, սեփական բեմադրությամբ հանդես է եկել Պաղտասար աղբարի, Աբիսողոմ աղայի (Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Գրիգոր աղայի (Վ.Փափազյանի «Ժայռ», բեմադրությունը` Գ.Բուրջալովի) դերերով: Հեղինակել է մի շարք այլ բեմականացումներ, թարգմանություններ, ինչպես և պիեսներ` «Մտերմական ծեծ», «Վարժապետը», «Տերտերը շկափում» և այլն: 1891թ. Թիֆլիսում հրատարակվել են Պետրոս Ադամյանին և Դավիթ Թրյանցին նվիրված նրա ուսումնասիրությունները, 1916թ.` Ու.Հաջիբեկովի «Արշին մալ-ալան»-ը: 1891-1900թթ աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, եղել «Կայծեր» թերթի (1910-11թթ), «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթաթերթի (1921թ.) պատասխանատու քարտուղարը: 1907-13թթ խմբագրել և հրատարակել է «Հուշարար» հանդեսը: 1912թ. ընտրվել է Հայ գրողների կովկասյան ընկերության անդամ: Բեմական ու գրական գործունեությանը զուգընթաց, շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ: 1904-17թթ մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին (Անի, Գառնի, Վան և այլն): Ունի մի շարք հնագիտական ուսումնասիրություններ («Ջուղա», «ՊԲՀ», 1967թ.): Նրա անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել են Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարի (Գագկաշեն) ավերակները (1905թ.): Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար