ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Արձակագիր

3 դեկտեմբեր, 1915 - 26 հունիս, 1998

Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: 1934թ. ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1934-41թթ զբաղվել է ուսուցչությամբ ՀՀ Տաթև և Խնածախ գյուղերում: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934թ., Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938թ. գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940թ.): 1950թ. հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին: Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ԽՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը: Գրողին ճանաչում է բերել «Հողը» (հ.1-2, 1954-55թթ) վեպը: Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով: Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը: Այնուհետև լույս են տեսել նրա «Լալ Համազը» (1955թ.), «Որոտանի կիրճում» (1956թ.), «Քարանձավի բնակիչները» (1961թ.) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958թ.), «Հարստությունը լեռներում» (1961թ.) պատմվածքների ժողովածուները: Նրան ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ.) պատմավեպը: Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողն արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը: 18-րդ դարի ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը: Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների: Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն է: Նա պատմվածքից պատմվածք, գրքից գիրք ամբողջացնում է մեր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը: Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964թ.), «Քաջարան» (1965թ.), «Այրված տունը» (1965թ.), «Մատյան եղելությանց» (1966թ.), «Անձրևից հետո» (1969թ.), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970թ.), «Երեք տարի, 291 օր» (1972թ.), «Սևանի լուսաբացը» (1974թ.), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976թ.) գործերի հերոսները: Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները: Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում: Երկրորդը հողի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է: Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին: Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է: Թուրքական իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով Արևմտյան Հայաստանի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը: Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդական աննկուն ոգու վերակենդանացումը: Գրողի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978թ.), որի մեջ հեղինակը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը: Հեղինակել է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրություններ: Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: 1972թ-ից եղել է Հայաստանի գրողների միության գրական խորհրդական: «Այրված տունը» (1974թ., «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978թ.) էկրանավորել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաները: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1972թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1977թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար