ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

Գրականագետ, պետական գործիչ

24 մարտ, 1873 - 15 օգոստոս, 1947

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում: Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում ու Թիֆլիսում, իսկ Թավրիզում` Ազգային վարժարանի տնօրենը: 1913թ. Թիֆլիսում հրատարակել է «Նոր հոսանք» հանդեսը, խմբագրել «Հորիզոն» թերթը, եղել է «Վերնատուն» գրական խմբակի և Հայ գրողների միության անդամ: 1890-ական թվականներից «Մուրճ» պարբերականում տպագրել է գրական-քննադատական հոդվածներ: Հետևել է ռուս հեղափոխական ժողովրդավարների գեղագիտությանը, որի դիրքերից էլ արծարծել  է հայ և ռուս գրականությունների, հայոց լեզվի զանազան խնդիրներ` «Բանասերի հուշագիրք» (1937-38թթ), «Գրական-քննադատական երկեր» (1959թ.), «Ամբողջական երկեր» (4 հատոր, 1959-70թթ): 1914թ եղել է Ազգային բյուրոյի և հայ կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել է հայ գաղթականների հարցերով: Չի ոգևորվել 1917թ. Փետրվարյան հեղափոխությամբ և համոզված է եղել, որ հայ ժողովուրդը պետք է ապավինի միայն սեփական ուժերին և հույսեր չկապի Ռուսաստանի հետ: 1918թ, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, ընտրվել է խորհրդարանի անդամ, եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ղեկավարներից: 1919-20թթ եղել է Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության և արվեստի նախարարը: Նրա անմիջական ջանքերով 1919թ. հիմնադրվել է Երևանի պետական համալսարանը: 1921թ. փետրվարի 9-ին բանտարկվել է, ազատվել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո և տարագրվել: 1930թ-ից բնակվել է Բեյրութում, եղել է Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը: Արժեքավոր է նրա գրականագիտական «Պատմություն հայոց գրականության» (1947թ.) աշխատությունը: «Սայաթ-Նովայի հետ» (1966թ.) ուսումնասիրության մեջ անդրադարձել է Սայաթ-Նովայի կյանքի նորահայտ էջերին, համակողմանիորեն վերլուծել նրա ստեղծագործությունը: Գրել է նաև աշխատություններ` նվիրված քաղաքականությանը, դաշնակցական կուսակցությանը` «Մտածումներ Հ.Յ.Դաշնակցության մասին» (1929-30թթ), «Մեր կանոնագիրը» (1937թ.), «Կրկին մեր կանոնագիրը» (1937թ.): Մի շարք հոդվածներում լուսաբանել է Հայկական հարցը: Մահացել է Բեյրութում: 1991թ-ից Երևանում  գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Աղբալյանի անունով են կոչվել դպրոց Երևանում, ՀՅԴ ակումբներ` Հայաստանում և արտերկրում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար