ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

18 օգոստոս, 1828 - 29 նոյեմբեր, 1868

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1834-39թթ սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-45թթ` Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունուն: Իտալիայում աճող ազգային-ազատագրական պայքարի այդ տարիները բախտորոշ են եղել պատանու աշխարհայացքի ձևավորման ու հոգևոր վերածնության համար: 1845թ., վերադառնալով Կ.Պոլիս, ծավալել է մանկավարժական-հասարակական լայն գործունեություն: Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը. Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն: Մեծ է եղել նրա դերը օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում: Նրա ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը: 1846թ. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել: Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը: 1856թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները` Պեշիկթաշլյան` «Կոռնակ», Մետաստազիո` «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան` «Խոսրով Մեծ»: Մինչ այդ եղած պիեսների լեզուն գրաբար էր, որը լուրջ խոչընդոտ էր թատրոնի հաջողության համար: Ուստի իր պատմական ողբերգությունները` «Կոռնակ», «Արշակ», «Վահե», «Վահան», գրել է աշխարհաբարով, որոնք, չնայած կլասիցիստական տարրերի առկայությանը, ռոմանտիկական են` տոգորված ազգային-ազատագրական պայքարի ոգով, հումանիստական գաղափարներով: Դիմելով պատմական անցյալին՝ դրամատուրգն արծարծել է ազգային-ազատագրական շարժման արդիական հարցեր, ձգտել հանդիսատեսի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցություն: Այս են վկայում նաև նրա թարգմանական պիեսները` Վոլտերի «Մահ կեսարու», Վ.Ալֆիերիի «Սավուղ», «Բրուտոս Ա» և այլն: Նպաստել է պատմական դրամայի մշակմանը: Գրել է նաև «Կատակերգություն երից քաջաց» և «Կատակերգություն ավազակաց» (1909թ.) մեկ գործողությամբ երաժշտական կատակերգությունները: 1860թ-ից սկսել է գործել Ազգային սահմանադրությունը, որի համար մղված պայքարում նա էական դեր է կատարել: Նույն թվականին Գրիգոր Օտյանի, Ծերենցի, Գրիգոր Աղաթոնի և նրա ջանքերով հիմնվել է «Բարեգործական ընկերություն հայոց»-ը: Մասնակցել է Անձնվեր ընկերության (1860-63թթ) և Երաժշտական ընկերության աշխատանքներին, աջակցել Տ.Չուխաջյանին և Գ.Երանյանին «Քնար հայկակյան» վեցամսյա հանդեսը խմբագրելու գործում: Եղել է «Մուրատ-Ռափայելյան վարժարանների նախկին սանուց միության» (1858-68թթ) գլխավոր դեմքը: Հեղինակել է շուրջ 60 բանաստեղծություն, որոնք բովանդակությամբ, թեմատիկայով և ժանրային բնույթով բազմազան են: Գրել է սիրային, բնության, հայրենասիրական, օրորոցային, մանկական երգեր, եղերերգեր և այլն: Բանաստեղծական փորձեր արել է Պադուայում, ուսումնառության տարիներին: Առաջին բանաստեղծությունը` «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» տպագրվել է 1849թ.` «Բազմավեպ»-ում: 1840-ականների երկրորդ կեսին գրած «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի», «Ի նահատակություն Վարդանանց», «Դյուցազունք հայոց», «Գիշեր», «Առ Հ. Ղևոնդ Ալիշան» բանաստեղծությունները նախապատրաստել են Մխիթարյանների պոետիկայից (կլասիցիզմ) ռոմանտիզմին անցնելու միտումը: 1850-60-ականներին գրած բանաստեղծությունները և հատկապես «Եղբայր եմք մենք»-ը ու «Գարուն»-ը հեղինակի քաղաքական իդեալի գեղարվեստական պատկերումն է: 1860-ականների սկզբներին գրած բանաստեղծություններն արտացոլում են Զեյթունի հերոսամարտը: Զեյթունյան երգաշարը` «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն», «Թաղումն քաջորդվույն» և «Հայ քաջուհին», հերոսամարտի գեղարվեստական իմաստավորումն ու տարեգրությունն է, արտահայտում է հեղինակի հավատը հայերի ուժերի նկատմամբ: 1863-68թթ գրած բանաստեղծությունները հայ նոր քնարերգության ցայտուն օրինակներ են` «Ալ զեփյուռն Ալեմտաղիի», «Ճեմք ի լյառն Հսկային», «Հնացեք իմ տաղք», «Աշուն», «Քնար կուսին», «Քնար և շիրիմ» և այլն, որոնք կանխորոշել են հայ բանաստեղծության զարգացման հաջորդ տասնամյակները: Բանաստեղծությունների մի մասը հրատարակել է Հրանտ կեղծանունով: Մահացել է Կոստանդնուպոլսում: