ԼԵՎՈՆ ԲԱՇԱԼՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

24 սեպտեմբեր, 1868 - 2 փետրվար, 1943

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1883թ. ավարտել է տեղի Պերպերյան վարժարանը: 1884-95թթ եղել է «Արևելք»-ի, «Մասիս»-ի, «Հայրենիք»-ի օգնական-խմբագիրը: 1898-1901թթ Լոնդոնում խմբագրել է «Նոր կյանք» հանդեսը: 1902թ-ից ապրել ու աշխատել է Բաքվում, որոշ ժամանակ նաև` Պետերբուրգում: 1920թ. մշտական բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ 1928-32թթ խմբագրել «Լը Ֆուայե» («Օջախ») ֆրանսերեն-հայերեն ամսաթերթը: 1922-23թթ մասնակցել է Լոզանի կոնֆերանսին` որպես հայ ազգային պատվիրակության խորհրդական: Իբրև ՀԲԸՄ վարչության անդամ և ներկայացուցիչ` 1924թ. այցելել է Հայաստան: Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին, նպաստել հայրենիքի և սփյուռքի կապերի ամրապնդմանը: Գրական գործունեությունը սկսել է 1884թ.` թարգմանություններով (ֆրանսերենից), հոդվածներով, քրոնիկոններով: 1888թ. տպագրվել է նրա անդրանիկ նովելը` «Հմայաթափ»-ը: Հայ նովելագրության ընտիր էջերից են «Ղալաթիո րեսդը» (1889թ.), «Խաչախճին» (1890թ.), «Պալըխճի Գևորգ» (1890թ.), «Տերտերին ուխտը» (1890թ., էկրանավորել է «Հայֆիլմ»-ը, 1965թ.), «Աղավինիներ» (1893թ.), «Կաղանդ» (1898թ.), «Ցեղին ձայնը» (1898թ.) և այլն: Արվեստի լիարաժեք նմուշներ են նրա ակնարկ-ուղեգրությունները` «Միջերկրականի հիշատակարաններ» (1891-92թթ), «Արմաշի ուխտագնացությունը» (1892թ.), «Թուրքհպատակի մը արկածները մեծ պատերազմի ատեն» (1939թ.): Նրա գրչին են պատկանում հարյուրավոր քրոնիկներ, գրադատականներ, հրապարակախոսական հոդվածներ, քաղաքական տեսություններ: Ֆրանսերենից թարգմանել է Ժյուլ Մառի, Ժյուլ Վեռնի, Սարդուի և այլոց ստեղծագործություններից: Գրողի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և այլ լեզուներով: Օգտագործել է Թափառիկ, Ծիծեռնակ, Լ.Զարթումյան կեղծանունները: Եղել է «Ութսունականներ» գրական շարժման նշանավոր դեմքերից: 1943թ. Փարիզում լույս է տեսել նրա գեղարվեստական ստեղծագործությունների առաջին հատորը՝ Արշակ Չոպանյանի առաջաբանով։ 1945թ. նրա ստեղծագործությունները հրատարակվել է նաև Հալեպում, 1965թ.՝ Երևանում: Մահացել է Ֆրանսիայի Վիշի քաղաքում, թաղված է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար