ԹԵՈԴԻԿ

Բանաստեղծ, բանասեր

5 մարտ, 1873 - 24 մայիս, 1928

Թեոդորոս Լափչինճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Սկյուտարի ճեմարանում, Պերպերյան վարժարանում և Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջում: Գրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներին՝ «Մանզոմեի էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն վերցված» վերնագրով։ Աշխատակցել է նաև Կ.Պոլսի «Ծաղիկ», «Հանրագիտակ», «Սուրհանդակ» պարբերականներին՝ Սոդոթե, Մտոստիկ, Թեոդիակ, Թ. Ա. ծածկանուններով: Հեղինակել է նաև ուղեգրական նոթեր, նորավեպեր և դիմաստվերներ: Վերջիններս հրատարակվել են «անչվոր դեմքեր» խորագրով: Նորավեպերը («Պեսթենիկյար», «Շան խիղճը», «Շրթունք շրթունքի» և այլն) ամփոփված են «Կաղանդ» (1912թ.) ժողովածուում և պատկերում են հիմնականում արևմտահայ աշխատավորների կյանքը: Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ 1912թ. հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ.Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, ներկայացնում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907թ., համիդյան բռնապետության խստագույն տարիներին: Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։ Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները՝ հատկապես 1909-15թթ տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։ Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին թուրքական իշխանությունները նրան շղթայակապ աքսորել են Դեյր Էլ-Զոր: Հայ մարտիկների մի խմբի հաջողվել է ազատել նրան: Ուրիշի անվան տակ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն աշխատել է Տավրոսի թունելախորշի ռազմական շինարարությունում։ Հետագայում վերադարձել է Կ.Պոլիս և 1919թ. հրատարակել է 1916-20թթ միացյալ տարեգիրքը, ապա՝ 1921-23 տարիները։ Իր գրչին պատկանող գրական-բանասիրական ծավալուն երկեր տպագրված են վերոհիշյալ տարեցույցի տարբեր գրքերում։ Կ.Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկին (24-ին)» (1919թ.), «Զուլումը և մեր որբերը» (1920թ.) և «Գողգոթա» (հրտ.՝ 1966թ.) աշխատությունները, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական։ 1918-22թթ աշխատակցել է Կ.Պոլսի «Ժամանակ», «Ժողովուրդ», «Վերջին լուր» պարբերականներին: Քեմալական շարժման հաղթանակից հետո, 1923թ. մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924-29թթ տարեգրքերը, որոնցից 1926-ը տպագրել է Վենետիկում։ Մահացել է Փարիզում` վերջին հատորի տպագրման ընթացքում` կաթվածից։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար