ԵՐՎԱՆԴ ԿՈՊԵԼՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

10 նոյեմբեր, 1923 - 16 դեկտեմբեր, 2010

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Ռումելիհիսարի Թադեոսյան վարժարանում: 1937թ. ավարտել է Էսայան վարժարանը: Գրական առաջին փորձերը կատարել է 1947թ-ից` «Մարմարա» օրաթերթում տպագրելով պատմվածքներ: Հետագայում բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական և այլ բնույթի հոդվածներ է տպագրել պոլսահայ գրեթե բոլոր պարբերականներում: 1948-50թթ եղել է «Լույս», 1950-51թթ` «Դեպի լույս», «Պայքար» գրական շաբաթաթերթերի վարիչ-խմբագիրը: Խմբագրական աշխատանք է կատարել Բեյրութում լույս տեսնող «Այգ» օրաթերթում, «Սփիւռք» շաբաթաթերթում: Հիմնել է «Կոպէլ» հրատարակչությունը և 1970թ. լույս ընծայած «Փարձանք» գրական-հասարակական-երգիծական շաբաթաթերթը, որը տպագրվել է 9 համար: Աշխատակցել է «Երջանիկին Տարեգիրքը»-ին, «Ակօս»-ին, Փարիզի «Լուսաղբիւր»-ին, «Այսօր»-ին, «Ճառագայթ»-ին, «Ժպիտ» մանկապատանեկան ամսաթերթին: 1948թ. լույս է ընծայել «Երանի թե» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, 1968թ.՝ «Խճանկարներ», 1972թ.` «Աշխարհի իններորդ հրաշալիքը», 1984թ.` «Երազ չունեցող մարդիկ», 1991թ.` «Մենք անունը «Հայ Ծաղիկ» դրինք», 1992թ.` «Հողով մկրտուածները», 1998թ. և 2003թ.` «Կեանքի լուսանցքէն» պատմվածքների ժողովածուները: 1992թ. Անարժան Դպիր գրչանունով հրատարակել է «Եօթն օրը հեղ մը» քրոնիկները: Թարգմանել է Բորիս Պաստեռնակի, Ռոբերտ Սթիվենսոնի, Հերբերտ Ուելսի, Չարլզ Դիքենսի, Լուիս Քերոլի, Ջոնաթան Սվիֆթի և այլոց ստեղծագործություններից: Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո»-ի նրա թարգմանությունը 1960-ականներին տպագրվել է «Մարամարա»-ում: Օգտագործել է Ե.Նորենց, Մաքսուտ, Երանոսյան, Գայլ Վահան, Շահան Մելիք-Շահինյան, Անարժան դպիր, Աքլոր եղբայր, Դավիթ, Տիրացու ծածկանունները: 1998թ. պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանով: Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար