ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ

Հայագետ, արևելագետ

25 դեկտեմբեր, 1864 - 20 դեկտեմբեր, 1934

Ծնվել է Վրաստանի Քութաիսի քաղաքում: Հայրը շոտլանդացի էր, մայրը` վրացուհի: 1884թ. ավարտել է Քութայիսի գիմնազիան, 1890թ.` Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը: Մասնագիտացել է հայագիտության, վրացագիտության, իրանագիտության և դասական բանասիրության մեջ: 1891թ. նշանակվել է Պետերբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնի պրիվատ-դոցենտ, 1900թ.՝ հայ-վրացական բանասիրության ամբիոնի վարիչ (1901թ-ից` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր): 1915-16թթ Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները: 1922-31թթ հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում: 1930թ. ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (1909թ-ից եղել է ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս): Գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը: Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոս), Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու և ուրիշների երկերին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները: Բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար: Հակադրվելով եվրոպական մի շարք արևելագետների (Ալֆրեդ Գուտշմիդտ, Օգյուստ Կարիեր և ուրիշներ)` հերքել է այն թյուր կարծիքը, թե իբր Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, և ապացուցել է, որ Խորենացին իր պատմությունը գրելիս իրոք օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից: Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց` հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (1893-1917թթ, ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում: Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990-1020թթ) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին` հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին: Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի` ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն: «Անի» աշխատությունը (1934թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է: Հիմնել է «Խրիստիանսկի Վոստոկ» (1912-22թթ) ակադեմիական հանդեսը, որն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Կովկասյան բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» և այլ մատենաշարեր դարձել են գիտության համապատասխան ճյուղերի կազմավորման դպրոցներ: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Մառի անունով Երևանում կոչվել է փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար