ԶԱՀՐԱՏ

Բանաստեղծ

10 մայիս, 1924 - 20 փետրվար, 2007

Զարեհ Յալտըզճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1942թ. ավարտել է Կ.Պոլսի Մխիթարյանի լիցեյը և շարունակել ուսումը Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք անավարտ է թողել: Մինչև 1994թ., թոշակի անցնելը, աշխատել է դեղորայքի մթերանոցում, թղթավաճառի, նոտարի, առաողջապահական սարքավորումների հաստատություններում, զբաղվել է գոտիի պատրաստությամբ, փողկապի, ծորակի և շղթայի առևտրով: Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին («Ժամանակ», «Մարմարա», «Սան», «Հանդէս մշակոյթի», «Երջանիկի տարեգիրք», «Շողակաթ», «Քուլիս», «Սուրբ Փրկիչ», «Նոր Դար», «Բազմավէպ», «Գարուն» (Երևան), «Անդաստան» (Փարիզ), «Ահեկան» (Բեյրութ), «Շիրակ» (Բեյրութ), «Միութիւն» (Դետրոյդ), «Հայ ընտանիք» (Վենետիկ) և այլն): Խմբագրել է Մխիթարյան սաների «Սան» պարբերաթերթը։ Եղել է «Մարմարա» օրաթերթի գրական-գեղարվեստական էջերի և Թուրքիայի Հայոց պատրիարքարանի «Շողակաթ» հանդեսի խմբագրակազմի անդամ: Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943թ., «Ժամանակ» օրաթերթում։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960թ.), «Գունավոր սահմաններ» (1968թ.), «Բարի երկիք» (1971թ.), «Բանաստեղծություններ» (1971թ.), «Կանաչ հող» (1976թ.), «Մեկ քարով, երկու գարուն» (1989թ., 1997թ.), «Ծուռ նստինք, Կիկօ խոսինք» (1994թ.), «Մաղ մը ջուր» (1995թ.), «Առանց խաչի առանց քարի խաչքար» (1998թ.), «Զահրատ 75 տարեկան» (1998թ.), «Ծայրը ծայրին» (2001թ.), «Ջուրը պատեն վեր» (2004թ.), «Բառերուն տակին քերթվածը» (2004թ.), «Բառ բառի քով» (2007թ.) ժողովածուները։ Բանաստեղծի ստեղծագործություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։ Առանձին գրքեր թարգմանվել են թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, պարսկերեն, ռուսերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Եղել է Հռոմի Լեոնարդո դա Վինչիի Ակադեմիայի անդամ: Արժանացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի սրբատառ կոնդակին և «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանին, ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան Մշակութային հիմնադրամի մրցանակին, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին, Ֆրանսահայ գրողների «Էլիզ Գավուքճյան-Այվազյան» գրական մրցանակին, Բանաստեղծների համաշխարհային կոնգրեսի «Դափնեկիր բանաստեղծ» տիտղոսի, Լա Վերնի հայկական քոլեջի գրականության և «Մեսրոպ Մաշտոց» պատվոգրի, Կարդինալ Աղաջանյան շքանշանի, ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, «Վահագն» մրցանակի և այլն: Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար