ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆ

Գեղանկարիչ

13 հունվար, 1909 - 20 նոյեմբեր, 1994

Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): Եղել է գրականագետ, լեզվաբան Մանուկ Աբեղյանի որդին, թատերագիր, դերասան Սուրեն Աբեղյանի եղբայրը: 1922-27թթ սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1927-30թթ` Մոսկվայի Վխուտեինում, 1930-31թթ` Սանկտ Պետերբուրգի կերպարվեստի ինստիտուտում: 1937-45թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1939-45թթ, 1967-68թթ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահը: Նկարչի ռեալիստական ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչական ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը: Ստեղծագործություններից են` «Աշունը Երևանում» (1942թ.), «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով» (1956թ.), «Բնանկար 5-րդ դարի հուշարձանով» (1965թ.), «Ամառ» (1959թ.), «Հայաստան» (1975թ., եռապատկեր), «Չ.Այթմատովի դիմանկարը» (1982թ.) և այլն: Նրա գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը` «Սևանա կղզին» (1959թ.), «Հայկական բնանկար» (1975թ.) և այլն: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար