ՄԱՐՏԻՐՈՍ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Ճարտարապետ

21 սեպտեմբեր, 1889 - 20 դեկտեմբեր, 1958

Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 1910թ. մեկնել է Փարիզ, ուսանել դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում: 1919թ-ից Բեյրութում նախագծել է հասարակական շենքեր, մենատներ, կամուրջներ, 1933-35թթ հեղինակել է Լիբանանի խորհրդարանի շենքը` ժամացույցի վերսլաց աշտարակով: Մեծ ներդրում է ունեցել եկեղեցաշինության ասպարեզում` Անթիլիասի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը (1938-40թթ) և Նահատակների մատուռը, Երուսաղեմի Սբ. Հռիփսիմե մատուռը (1946թ.), Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1952-57թթ), բոլորն էլ` հայկական ճարտարապետության ավանդական ձևերի ու ժամանակակից շինարվեստի նոր մտածողության համադրությամբ: Արդիականի ու արաբական ազգային ավանդականի շաղկապումով է նախագծել Աբու Բաքր մզկիթը Բեյրութում, պալատական համալիրը (մզկիթ, մատենադարան, հյուրապալատ և այլն) Ամմանում` Վատիկանի պատվերով, Սբ. Պողոս կաթոլիկ մայր տաճարը (1947-50թթ)` Բեյրութին մերձ հունաբնակ Հարիսա գյուղի մոտ: Գեղանկարչական գործերից են` Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճի մեծաչափ կրոնապատմական թեմայով հինգ որմնանկարները, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Վարդան, Հակոբոս, Հեղինե սրբերի սրբապատկերները (1949-50թթ), Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի Լիբանանի տաղավարի նկարազարդումները, ծովանկարները, Անթիլիասի մայր տաճարի աղոթասրահի «Սբ. Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ արքային» կտավը, Ավագ խորանի «Մայր Աստվածածին» սրբանկարը (բնորդը Ալթունյանի կինն է): Հեղինակել է նաև քանդակային գործեր` Լիբանանի ազգային զինանշան-մեդալը և այլն: Արժանացել է Լիբանանի նախագահի Պատվո արծաթե մեդալի: 1999թ. գործերը ցուցադրվել են Երևանում: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար