ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

Եկեղեցական, մշակութային, քաղաքական գործիչ

29 սեպտեմբեր, 348 - 7 սեպտեմբեր, 439

Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս

Ծնվել է Կեսարիայում: Հայտնի է նաև Մեծն Սահակ, Իսահակ Պարթև, Սուրբ Սահակ անուններով: Եղել է Ներսես Ա Մեծ Պարթևի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին։ Մոր վաղաժամ մահից և հոր՝ Բյուզանդիա ուսման մեկնելուց (350թ.) հետո, Տարոնում մանկանը խնամել ու կրթել է պապը՝ Վարդան Մամիկոնյանը։ Հոր աթոռակալման ժամանակ երկար տարիներ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր ուսումնարաններում։ Եղել է քաջահմուտ հայկաբան և հունաբան, տիրապետել նաև ասորերեն և պարսկերեն լեզուներին: Ձեռնադրվելով եպիսկոպոս՝ իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Վաղարշապատի Սբ. Էջմիածին վանքում։ Կաթողիկոս ընտրվելուց հետո (հաջորդել է Ասպուրակես Մանազկերտցուն) աջակցել է Հայոց Խոսրով Գ թագավորին, որը ջանում էր վերամիավորել հայկական հողերը և վերականգնել Մեծ Հայքի միասնականությունը։ Սասանյան արքունիքը 389թ. Խոսրով Գ-ին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Պարթևի հայրապետությունը համարել անվավեր։ Հայոց նոր թագավոր Վռամշապուհի աջակցությամբ վերահաստատվել է իր աթոռին։ Պարթևի միջնորդությամբ Պարսից արքա Վռամ 3-րդ Կրմանը վավերացրել է հայ նախարարությունների Գահնամակը, Մամիկոնյաններին շնորհել 5-րդ պատվավոր գահը, Պարթևի փեսային՝ Համազասպ Մամիկոնյանին, ճանաչել Հայոց սպարապետ, ներում շնորհել Ամատունիներին ու Կամսարականներին։ Այնուհետև, շուրջ քառորդ դար տևած խաղաղ պայմաններում Պարթևը ծավալել է մշակութային գործունեություն, Մեսրոպ Մաշտոցի սերտ համագործակցությամբ, Վռամշապուհ թագավորի և Առավան Հազարապետի հովանավորությամբ խթանել է ազգային կրթության ու լուսավորության նոր վերելքը։ Հայոց նոր գրերի ստեղծումից (405-406թթ) հետո նրա հրամանով արգելվել են օտար լեզուներով ու գրություններով ուսուցումները, և ամենուրեք կրթությունն սկսվել է հայերենով։ Նրա 60 և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտները, որոնց անվանում են նաև վերծանողներ ու թարգմանիչներ, սկսել են ուսուցանել հայոց նոր (Մաշտոցյան) գրերը, ասորերեն և հունարեն լեզուներից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր։ Վռամշապուհի մահից (414թ.) հետո նրա միջնորդությամբ Պարսից Հազկերտ 1-ին արքան բանտարկությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել ծերացած ու հիվանդ Խոսրով Գ-ին, որը շուտով վախճանվել է՝ հազիվ մեկ տարի գահակալելով։ Վերջինիս հաջորդած Շապուհ Պարսիկի մահից (419թ.) հետո Պարթևի ջանքերով 422թ-ից Հայոց թագավոր է ճանաչվել Վռամշապուհի 18-ամյա որդի Արտաշես Գ-ն, որն 8 տարի գտնվում էր նրա խնամակալության ներքո։ Պարթևն աշխույժ գործունեություն է ծավալել նաև Հայաստանի բյուզանդական մասում։ Հատուկ պատգամավորությամբ (Մեսրոպ Մաշտոց, Դերջանի Գնիթ եպիսկոպոս, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյան) 417թ. դիմել է կայսերը և Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին՝ Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը ինչպես նաև իր թոռ Վարդան Մամիկոնյանին Հայոց սպարապետ ճանաչելու խնդրանքով։ Հայաստանում ազդեցությունը ամրապնդելու և հայերի թշնամանքը չգրգռելու համար բյուզանդական արքունիքը բավարարել է կաթողիկոսի խնդրանքը։ Պարսից Վռամ 5-րդ արքան, քաղաքական մեղադրանքներ հարուցելով նրա և Արտաշես Գ-ի դեմ՝ 428թ. նրանց հրավիրել է Տիզբոն և ձերբակալել։ Սակայն հայերի դժգոհությունները մեղմելու համար Վռամ 5-րդը 432թ. աքսորից ազատել է Պարթևին՝ նրան վերապահելով Մեծ դատավորության պաշտոնը, եկեղեցական տուրքերի տնօրինությունը և ձեռնադրության իրավունքը, պայմանով, որ նա իր հեղինակությամբ գործակցի Հայոց մարզպանին՝ պարսիկ Վեհմիրշապուհին։ Կաթողիկոսը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Ազգային ավանդույթների ու սովորույթների հիման վրա Մեսրոպ Մաշտոցի հետ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի ու օրհնությունների գիրքը, կարգավորել է հայկական տոնացույցը, գրել է եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունական Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում։ Ղազար Փարպեցին գրում Է, որ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հայերեն և հունարեն հնչյունաբանությունը համեմատելիս, հաճախակի դիմել են Պարթևին, որովհետև նա խիստ առլեցուն էր անցկացրել ուսումը բազում հույն գիտնականների մոտ, կատարելապես տիրապետել է տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, քաջատեղյակ՝ փիլիսոփայության ճարտասանություններին: Նրա անունով պահպանվել են հայ եկեղեցու և տիրող դասակարգի շահերից ելնող դավանաբանական թղթեր՝ ընդդեմ նեստորականության, բորբորիտներ ու մծղնեականներ կոչվող աղանդավորների, ինչպես նաև նամակներ՝ ուղղված Թեոդոսիոս 2-րդ կայսերը, Անատոլիոս կուսակալին, Պրոկղոս պատրիարքին, Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին։ 439թ., երբ Պարսից արքա Հազկերտ 2-րդը պատերազմ է հայտարարել Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանն ու Հայոց Միջագետքը, Պարթևն ընդառաջ ելնելով, փորձել է կանխել արյունահեղությունը, բայց վախճանվել է ճանապարհին՝ Բագրևանդ գավառի Բլուր գյուղում։ Նրա դին փոխադրվել է Տարոն և ամփոփվել Աշտիշատում։ Հայոց եկեղեցին Սահակ Պարթևին դասել է սրբերի կարգը՝ նրա հիշատակի օրը մտցրել հայկական տոնացույցում և սահմանել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար