ԳԵՎՈՐԳ ՄԱՆԱՍՅԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար

Ծնվել է 1953թ. ապրիլի 2-ին, Ախալցխայում: 1961-67թթ սովորել է տեղի հայկական դպրոցում, միաժամանակ նաև երաժշտական դպրոցում: 1972թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական և տեսական բաժինները՝ Էդուարդ Բաղդասարյանի դասարանը: 1972-77թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ալեքսանդր Հարությունյանի կոմպոզիցիայի, ապա՝ Ա.Աբրահամյանի դաշնամուրի և Հակոբ Ոսկանյանի դիրիժորական դասարաններում: 1978-83թթ եղել է Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի անսամբլի գործիքային մասի ղեկավարը, 1991-94թթ` երաժշտական մասի, 1994-97թթ` ՀՀ հեռուստառադիոպետկոմի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների, 1996-98թթ` «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի, 1989-93թթ և 2000թ-ից` Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1984թ-ից միաժամանակ դասավանդում է Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում, 1996թ-ից` նաև Երևանի կոնսերվատորիայում: Գրել է դաշնամուրային տրիո, երկու դաշնամուրային կոնցերտ, երկու կոնցերտ քանոնի համար, պարային և երգ-պարային մեղեդիներ (Վ.Տերյանի, Ե.Չարենցի, Հ.Շիրազի խոսքերով), էստրադային և ժողովրդական երգեր, օրհներգ՝ Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար, որն 2005թ. արժանացել է 1-ին մրցանակին, և այլն: 2011թ-ից «Վարպետներ» համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 1980թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: