ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Կինոռեժիսոր

8 հոկտեմբեր, 1897 - 4 դեկտեմբեր, 1987

Ծնվել է Թիֆլիսում, մեծահարուստ բանկիրի ընտանիքում: Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում: Որոշ ժամանակ հաճախել է Ե.Վախթանգովի թատերական ստուդիա: 1920թ-ից Լոնդոնի և Փարիզի, 1923թ-ից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա: 1922-45թթ բեմադրել է Օ.Փեյջի «Դռան թակոց», Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Մետերլինկի «Քույր Բեատրիս», Հեյվորդի «Պորգի», Գերշվինի «Պորգի և Բես», Ռոջերսի և Համմերստայնի «Օկլահոմա», «Կարուսել» և այլ ներկայացումներ: 1929թ-ից նկարահանել է բազմաթիվ կինոնկարներ, որոնցում իրագործել է մի շարք նորարարություններ` «Ծափահարություններ» (1929թ.), «Քաղաքի փողոցները» (1930թ.), «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» (1932թ.), «Սիրիր ինձ այս գիշեր» (1932թ.), «Երգ երգոց» (1933թ.), «Քրիստինա թագուհին» (1933թ.), «Մենք նորից ապրում ենք» (1934թ.), «Բեքքի Շարփ» (1935թ.), «Ուրախ ավազակը» (1936թ.), «Ոսկե տղա» (1939թ.), «Զորրոյի նշանը» (1940թ.), «Արյուն և ավազ» (1940թ.), «Մետաքսե գուլպաներ» (1956թ.) և այլն: Առաջին անգամ նա է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա, նկարահանել է ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով և օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ, «Քաղաքի փողոցները» ֆիլմում առաջին անգամ հնչեցրել է ձայնը կադրից դուրս: Նրա նկարահանած «Բեքքի Շարփ» կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է եղել, իսկ «Արյուն և ավազ» ֆիլմը 1940թ. Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի` որպես «Լավագույն գունավոր կինոնկար»: 1936թ. Նյու Յորքում նրա «Ուրախ ավազակը» ֆիլմը կինոքննադատների կողմից համարվել է «Տարվա լավագույն կինոնկար»: 1964թ. գրել և հրատարակել է մանկական «Աբիգայլ» գիրքը: Կյանքի վերջում Վ.Շեքսպիրի «Համլետը» թարգմանել է ժամանակակից անգլերեն: 1968թ. այցելել է Հայաստան: 1980թ. նրա անունը ներառվել է Բրոդվեյի Փառքի Դահլիճում, իսկ 1983թ. ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն` «Գրիֆֆիթի» մրցանակ` կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար: Կինոռեժիսորի անունով Հոլիվուդի «աստղային» փողոցում աստղ է տեղադրվել: Մահացել է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար