ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ

20 մայիս, 1851 - 21 հունվար, 1872

Պետրոս Զըմպայան

Ծնվել է Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում: 1867թ. ավարտել է Սկյուտարի ճեմարանը։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել հրապարակախոսությամբ (եղել է «Օրագիր ծիլն Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վ.Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Վ.Շեքսպիր, «Մակբեթ» և այլն)։ 1869թ. և 1871թ. «Օրագիր ծիլև Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չի պահպանվել։ Նրա թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը: Գրել է «Տարագիր ի Սիպերիա» (նվիրված Միքայել Նալբանդյանին) այլաբանական ողբերգությունը, «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867թ.) հովվերգական մելոդրաման, ապա՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868թ.), «Արտաշես աշխարհակալ» 1969թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870թ.), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870թ.) պատմական ողբերգությունները: Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։ Եղել է 19-րդ դարի հայ առաջին գրողը, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ: Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871թ. գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գաբրիել Սունդուկյանից և Հակոբ Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական-հոգեկան ծանր հետևանքները։ Գրողը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներն ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»-ի և «Թատրոն կամ Թշվառներ»-ի, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են «Թատրոն Օսմանիե»-ում և մեծ հաջողություն ունեցել։ Գրողից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871թ.։ Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ է արել դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Նրա բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնարական հերոսը ինքը՝ հեղինակն Է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։ Եղել է հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակը։ Նրա սիրային տաղերում («Ի՛ցիվ թե», «Պետք է մեռնի՛լ», «Սիրեցի քեզ») առկա են դիմանկարային շատ մանրամասներ, բայց բանաստեղծի համար էականը արտաքինը չէ, այլ ապրումները, հոգեբանությունը։ Նրա ընկալմամբ՝ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսին, ներշնչվում է նրանից («Նե», «Զ՛նե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ»)։ Եղել է մերժված սիրո երգիչ («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող էր ապրել առանց սիրո։ Հայ նոր քնարերգության մեջ սկզբնավորել է մարդու մեջ մարդկայինը պահպանելու և զարգացնելու թեման։ «Լճակ», «Ի՛նչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։ Մահվան ու գերեզմանի գաղափարները նրա ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծմունք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»-ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց, ովքեր «վսեմ երազներ» ունեին, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։ Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերն ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ։ Հեղինակը մարդկության համար տենչում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա» (1972թ., 1971թ.)։ Գրողը վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել կլասիցիզմից, նկարագրությունից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն։ Նա խոր հետք է թողել հայ բանաստեղծության վրա։ Նրան բարձր են գնահատել Հովհաննես Թումանյանը, Գրիգոր Զոհրապը, Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, ինչպես նաև իտալացի գրողներ ու քննադատներ Զ.Լաչինին, Ֆ.Վալենտինին, Ա.Վիոլանտեն։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունգարերն, հունարեն, պարսկերեն և այլ լեզուներով: 1871թ. հիվանդացել է թոքախտով: Մահացել է Կոստանդնուպոլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար