ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ

Դերասան

21 դեկտեմբեր, 1849 - 4 հունիս, 1891

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Ուսանել է Ղալաթիայի Սբ. Փրկիչ կաթոլիկական եկեղեցու դպրոցում: Մասնավոր սովորել է լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն: 1866թ. երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արևելյան թատրոնում»` Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիեսի բեմադրության մեջ և արժանացել խրախուսանքի: 1867թ. մարտի 11-ին, Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին, Ռ.Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնեան, փրկիչ հայրենեաց» պիեսում կատարել է Վարդանի որդու դերը` արժանանալով մամուլի դրվատանքին: 1867-69թթ խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական այլ թատերախմբերում: 1870թ. Թովմաս Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Նոր Նախիջևան: 1871թ. սկզբներին վերադարձել է Կ.Պոլիս, 1872-75թթ գործել Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, պատմական ողբերգություններում կատարել է գլխավոր հերոսների, իսկ մելոդրամաներում` առաջին սիրահարի դերերը: 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ասմունքող, պրոպագանդել Մ.Նալբանդյանի և Ռ.Պատկանյանի ազատասիրական բանաստեղծությունները: 1879թ. հրավիրվել է Թիֆլիս` մասնակցելու նորակազմ թատերախմբի ներկայացումներին: 1880թ. հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Ախալքալակում, Ալեքսանդրապոլում: 1880-81թթ թատերաշրջանը դարձակետային է եղել նրա կյանքում: Թատրոնի, հատկապես խաղացանկի և թատերարվեստի հարցերի շուրջը ծավալված բանավեճը դերասանին կողմնորոշել է դեպի ռեալիզմ: 1880թ. նոյեմբերի 20-ին, հայ թատրոնում առաջին անգամ կերտել է Համլետի (Վ.Շեքսպիրի «Համլետ») դերը: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց Մոոր, 1880թ.), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով, 1880թ.), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Չացկի, 1881թ.), Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Կրեչինսկի, 1881թ.), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Արբենին, 1881թ.), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով, 1881թ.), Ա.Դյումայի «Կամելիազարդ տիկինը» (Արման, 1881թ.), «Քին» (Քին, 1883թ.), Ա.Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց» (Ջանումյան, 1881թ.), Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո, 1881թ.), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Միքայել, 1882թ.), «Խաթաբալա» (Մասիսյանց, 1882թ.), Մուրացանի «Ռուզան» (Ատրներսեհ, 1882թ.), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Ուրիել, 1884թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո, 1885թ.), «Լիր արքա» (Լիր արքա, 1886թ.) և այլ ներկայացումներում: 1882թ. հրավիրվել է Շուշի, ներկայացրել «Համլետ», ապա անցել է Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով: 1883-85թթ թատերապտույտը (Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կին, Բաքու և այլուր) շռնդալի հաջողություն և մեծ ողբերգակի համբավ է բերել նրան: Դերերը կերտել է հիմնականում հայերեն (երբեմն` ֆրանսերեն): Մոսկվայի և Պետերբուրգի մամուլը նրան համեմատել է Թ.Սալվինիի, Է.Ռոսսիի հետ և հավաստել, որ «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում էլ քիչ են»: 1886թ. վերադարձել է Թիֆլիս, ապա հյուրախաղերով եղել է Քութայիսում, Վլադիկավկազում, Մոզդոկում, Թեոդոսիայում, Կերչում: 1887-88թթ կատարել է ոուսաստանյան իր երկրորդ շրջագայությունը: Արվեստի գագաթներին հասած դերասանը առավել գնահատության է արժանացել Օդեսայում, որտեղ ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, ինչպես և Գեղարվեստի ռուսական ընկերության պատվավոր անդամ: 1888թ. օգոստոսին վերադարձել է Կ.Պոլիս: Աբդուլ Համիդը հայերեն ներկայացումներն արգելել էր, սակայն բացառության կարգով թույլատրվել է ներկայացնել Օթելլո, Կորրադո, Ուրիել, Քին: 1888թ. դեկտեմբերի 30-ին Կ.Պոլսում նշվել է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը: Մարմնավորել է շուրջ 300 դեր: Ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, դերասանական հղկված տեխնիկա` բացառիկ տվյալներով և դրանց հմուտ կիրառմամբ, թավշյա, լեցուն ձայն, հարուստ դիմախաղ, արտահայտիչ աչքեր, մարմնի պլաստիկ տիրապետում, խոսուն կեցվածք ու շարժուձև: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889թ. դեկտեմբերի 10-ին, Կ.Պոլսում: Իր գործունեության մեջ մեծ տեղ է տվել ասմունքին: Նաև գրել է կենցաղային, բարոյական, կրոնական, իմաստասիրական բնույթի քնարական և երգիծական բանաստեղծություններ: 1887թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը: 1956թ. Երևանում հրատարակվել է նրա երկերի ժողովածուն: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ ու գրաֆիկայով: Նյութական ծանր կացության մատնված, կոկորդախտով, հոդացավով, թոքախտով հիվանդ դերասանը մահացել է հունիսի 4-ին, Կ.Պոլսում, թաղվել տեղի Շիշլիի գերեգմանատանը: Նրա անունով են կոչվել Հալեպի հայկական թատերախումբը, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը, փողոց Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար