ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

9 նոյեմբեր, 1899 - 29 հոկտեմբեր, 1971

Ծնվել է Թիֆլիսում: 1918թ. ավարտել Է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1921թ. ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, 1929թ. ավարտել է Վխուտեինը: 1916թ. Անիում Նիկողայոս Մառի ցուցումներով պատճենահանել է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները: Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917թ.) և երկրորդ (1919թ.) ցուցահանդեսներին: Կարո Հալաբյանի հետ 1924թ. Երևանում ձևավորել է բեմադրություններ` Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), կատարել թարգմանություններ` Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը» և այլն: 1929-32թթ եղել է Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում` ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից: 1930-35թթ եղել է Երևանի շինարարական (այժմ` ԵՊՃՇՀ) ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-37թթ` միաժամանակ` «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը (Գևորգ Քոչարի հետ): Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1938թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: 16 տարի անցկացրել է աքսորավայրում, 1954թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1954թ-ից եղել է Երքաղխորհրդի գործկոմի, 1958-70թթ` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագիծ արվեստանոցների ղեկավարը, 1957թ.` Սբ. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարապետական շինարարական հանձնաժողովի նախագահը: Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930թ. նաև Բանավանի կառուցապատումը), Նորավանի, Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1929-30թթ և 1934-37թթ), Գյումրիի (1932-37թթ) գլխավոր հատակագծերը: Նրա նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են Կառուցողների ակումբը (1928-29թթ այժմ` Ռուսական թատրոն և Ֆիզկուլտ կոմիտե) Պետապի տունը (1930թ.) Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-32թթ), Կենտրոնական հանրախանութը (1936-37թթ), Գրապալատի համալիրը (1935-40թթ, ավարտվել է 1960թ.), Աջափնյակ բնակելի թաղամասը (1955-65թթ) և այլն: 1939թ. պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954թ. Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծագործել է բևեռային առաջին քաղաքների` Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը: Ճարտարապետի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-69թթ), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-68թթ) նախագծերը, 1 միլիոն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971թ.): 1959թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար