ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դերասան, արվեստաբան

Ծնվել է 1931թ. մայիսի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Դպրոցական տարիներից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել է Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին: 1951-54թթ ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ: 1954-62թթ որպես դերասան աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, խաղացել է տասնյակ դերեր: Թատրոնին զուգահեռ 1959-79թթ աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում: Բոլոր ներկայացումներում խաղացել է գլխավոր դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), «Խաթաբալա» (Զամբախով), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Արշակ), Հ.Թումանյանի «Չախ-չախ թագավորը» (Թագավոր), Մոլիերի «Ժորժ Դանդեն» (Լյուպեն), «Սկապենի արարքները» (Սկապեն) և այլն: Նրա բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը: 1960թ. Աբովյանի շրջանային մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը: 1979թ. հրավիրվել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան` որպես գիտամասսայական բաժնի վարիչ և աշխատել է մինչև 1993թ.: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, 50-ից ավելի զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում: Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է իր անձնական հավաքածուն, որի նյութերն անցնում են տասնյակ հազարներից: Բացի Սայաթ-Նովայից, ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, հազարավոր լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր: Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը: 1993-98թթ նշանակվեկ է «Զորավար Անդրանիկ» մշակույթի կենտրոնի տնօրեն: Իլյիչ Բեգլարյանի հետ 2006թ. հիմնադրել է «Զորավար Անդրանիկ» թանգարանը, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը: Երկար տարիներ աշխատել է որպես Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի տնօրեն: Տասը տարի շարունակ եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թանգարանի տնօրենը և ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել է ցուցահանդեսներ: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում` որպես թանգարանի վարիչ: Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը և հեղինակել է «Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան», «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան» և այլ նկարազարդ ալբոմ-ժողովածուներ: Գրել է թատերագիտական, գրականագիտական և այլ հոդվածներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ: Դարձել է Թատերական արվեստի հանրապետական և «Արտիստ» փառատոների դափնեկիր: Արժանացել է «Գոհար Գասպարյան» ոսկե մեդալի, 2009թ.` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար