ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆԻ

Արձակագիր

24 մայիս, 1902 - 1 դեկտեմբեր, 1980

Զարեհ Էոքսուզյան

Ծնվել է Տրապիզոնի նահանգի Օրդու գյուղում: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը հաճախել է ծննդավայրի Մովսիսյան վարժարան: Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին սպանվել է հայրը, որից հետո ընտանիքի հետ գաղթել է Սևաստոպոլ, Ղրիմ: 1919-22թթ սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում: 1922թ. հաստատվել Ֆրանսիայում: Երկու տարի ապրել է Մարսելում, 1924-30թթ՝ Փարիզում, 1930-37թթ՝ Ստրասբուրգում: Օրվա ապրուստը հայթայթելով այլազան աշխատանքներով՝ 1920-ական թվականներից եռանդուն մասնակցություն է ունեցել ֆրանսահայ գրական-մշակութային կյանքին: Նրա առաջին ստեղծագործությունը «Գարուն» վերնագրով լույս է տեսել Վահան Թեքեյանի խմբագրած «Ժողովրդի ձայն» թերթում: Պետրոս Զարոյանի հետ կարճ ժամանակաընթացքում հրատարակել է «Նոր հավատք» հանդեսը, «Լուսաբաց» ամսաթերթը, աշխատակցել է սփյուռքի առաջադիմական մամուլին, և հատկապես ֆրանսահայ հանդեսներին ու թերթերին («Նավասարդ», «Նոր գիր», «Մշակույթ», «Անահիտ», «Զվարթնոց», «Զանգու», «Կյանք և արվեստ», «Մենք», «Անդաստան» և այլն): 1939թ. զորակոչվել է ֆրանսիական բանակ, գերի ընկել, 1945թ. ազատվել է: «Հալածվածները» խորագրով չորս հատորով ծրագրված վեպի առաջին հատորը «Փորձը» վերնագրով լույս է ընծայել 1929թ.: Հետագայում հրատարակվել են նաև մյուս երեք հատորները՝ «Թեկնածուն» (1967թ.), «Ասֆալթը» (1971թ.), «Տարօրինակ օր մը» (1973թ.): Հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ՝ «Վարձու սենեակ» (1946թ.), «Անձրեւոտ օրեր» (1958թ.), «Գոհարիկ և ուրիշներ» (1966թ.) պատմվածքների ժողովածուները, «Եւ եղեւ մարդ» (1964թ.) վեպը: Առանձին գրքով 1947թ. լույս է ընծայել «Դեպի երկիր» հայրենական հուշերի գիրքը: Իր ստեղծագործություններով որոշակի ավանդ է բերել սփյուռքահայ գրականության մեջ հատկանշվող «նահանջի» ուղղությանը: Մասնակցել է Սովետահայ գրողների երկրորդ համագումարին: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար