ՀԵԼԵՆ ՍԵԳԱՐԱ

Երգչուհի

Ծնվել է 1971թ. փետրվարի 26-ին, Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանում: Հայրը իտալացի է, մայրը` հայ (Թերեզա Գասպարյան): 11 տարեկան հասակում Ն.Մուսկուրիի երգով մասնակցել է երաժշտական մրցույթին և դարձել հաղթող: 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում: 1993թ. թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել: 1996թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը: Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների: Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999թ. թողարկած «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ: Ձայերիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997թ. նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2000թ. արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006թ. թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ և երգչուհու խոսքերով: Թողարկվելուց հետո այն վաճառվել է 200 հազար օրինակ: 2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը: 2014թ. «Իլ Դիվո» քառյակի հետ «Կատուներ» մյուզիքլում կատարել է «Հիշողություն» երգը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար