ՀԵՐԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բեմադրիչ, ռեժիսոր

Ծնվել է 1942թ. մարտի 26-ին, Երևանում: 1967-72թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1973թ. պաշտպանել է դիպլոմային աշխատանք` բեմադրելով Եժովի «Երբ սոխակներն են երգում» ներկայացումը, որն արժանացել է Ժողթատրոնների համամիութենական ոսկե մեդալի, իսկ հեռուստաթատրոնում բեմադրել է Ֆ.Դյուրենմաթի «Վթարը» պիեսը: 1965-2005թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի գրական-դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում: 1965-70թթ եղել է ռեժիսորի օգնական, 1970-73թթ` ռեժիսորի ասիստենտ, 1973-2005թթ` բեմադրող ռեժիսոր, 1992-2005թթ` հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսորը: 1974-76թթ աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` որպես ռեժիսորական կուրսի ղեկավարի ասիստենտ, 1976-78թթ` հեռուստառեժիսուրա առարկայի դասախոս: 1996թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (2007թ-ից` դոցենտ): Մինչ 2000թ. եղել է կինո-հեռուստատեսության ամբիոնի լրագրության ֆակուլտետի դասախոս: 2008թ-ից դասավանդում եմ հեռուստառեժիսուրայի, օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ֆակուլտետում: Որպես բեմադրիչ և ռեժիսոր հանդես է եկել հեռուստատեսային ներկայացումներում, ֆիլմերում, հաղորդումներում, որոնցից են` Ֆ.Դյուրենմաթի «Վթար» (1973թ.), Փրիստլի «Սկանդալ» (1977թ.), Ա.Վամպիլովի «Բադի որսը» (1979թ.), Հ.Մելքոնյանի «1946 թվական» (1982թ., Քիշնևի համամիութենական փառատոնի գլխավոր մրցանակ), Վ.Իսրայելյանի «7-րդ աշխարհամաս» (1983թ.), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (1985թ.), Վ.Սարոյանի «Խենթացած մի գնա» (1987թ.), Ա.Քրիստիի «Էնդհաուսի առեղծվածը» (1989թ.), Գ.Զոհրապի «Զաբուղոն» (1990թ.), Ա.Քերոբյանի «Չկայացած երկխոսություն» (1990թ.), Գ.Խանջյանի «Հեռուստատեսային ազատ շուկա» (1992թ.), Բ.Շոուի «Ինչպես նա խաբեց ամուսնու սիրուհուն» (1993թ.), Ֆ.Արաբալի «Խնջույք» (1993թ.), Ա.Թրուայայի «Լավագույն հաճախորդը» (1994թ.) և այլն: 1996-2005թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Ծիծաղի տուն» հաղորդաշարի ռեժիսորը (շուրջ 300 հաղորդում): 1966թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2003-12թթ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 2006թ. ստացել է դոցենտի կոչում: 2006թ-ից ղեկավարում է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողական թատրոն-ստուդիան, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ: 2013թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար