ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

7 օգոստոս, 1914 - 12 հունիս, 1990

Մուշեղ Ճենտերեճյան

Ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում: 1915թ. Հայոց Ցեղասպանությունից փրկվելով, ընտանիքի հետ աքսորվել է Դեյր Էլ Զոր, 1923թ. հաստատվել է Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963թ.), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է մորը։ 1928թ. ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935թ.` Բեյրութի հայ ճեմարանը: Երկու տարի սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, ուր աշակերտել է Հակոբ Օշականին: 1938-40թթ հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականությանյան դասընթացներին։ 1941-51թթ խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի հայկական ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում աշխատել է մինչև կյանքի վերջ։ Նրա ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ: Նրա երկերն ամբողջանում են «Տուներու երգը» (1936թ.), «Հայաստան» (1946թ.), «Կյանք ու երազ» (1949թ.), «Ոսկի աշուն» (1963թ.), «Տառապանք» (1968թ.) և այլ ժողովածուներում։ Թատերական երկերում արծարծել է ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր` «Մեռնիլը որքան դժվար է» (1971թ.), «Սառնարանեն ելած մարդը» (1973թ.), «Թատերախաղեր» (1980թ.)։ Երևանում բեմադրվել են նրա հեղինակած «Կիլիկիո արքան» և «Մեռնիլը որքան դժվար է» պիեսները։ Գրել է արձակ գործեր` «Հացի և լույսի համար» (1951թ.), «Հացի և սիրո համար» (1956թ.), «Մնաս բարով, մանկություն» (1974թ.) վեպերը, «Սպասում» (1977թ.) վիպակը։ 1973-75թթ գրել է «Արդի հայ գրականություն» աշխատությունը: Մահացել է Բեյրութում: Գրողի որոշ բանաստեղծություններ դարձել են երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով: Մուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար