ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ

Ճարտարապետ

18 ապրիլ, 1926 - 5 հունվար, 2014

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Մարգո Մուրադյանի ամուսինը: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1954թ.` Մոսկվայի ճարտարապետական ակադեմիան: 1954թ-ից դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում (1979թ-ից` պրոֆեսոր): 1962-64թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալը, 1971-81թթ` Երևանի գլխավոր ճարտարապետը, 1958թ-ից` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը: 1989-90թթ ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը: Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69թթ), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967թ.), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը` վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981թ., ՀՀ Պետական մրցանակ` 1983թ.), Ժամանակակից արվեստի թանգարանը (1982-85թթ), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004թթ)` ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995թ.), քաղաքապետարանը` մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004թ.), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005թթ), Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001թ.) և այլն: Ճարտարապետության և մոնումենտալ արվեստների համադրումով են առանձնանում Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961թ., Սևաստոպոլ), Հայ գրերի կոթողը (1962թ., Օշական), Վանի հերոսամարտի (Աշտարակի մոտ, Ագարակ գյուղի մերձակայքում, 1979թ.), Միքայել Նալբանդյանի (1966թ.), Եղիշե Չարենցի (1985թ.), Ալեքսանդր Մյասնիկյանի (1981թ., երեքն էլ` Երևանում), Ավետիք Իսահակյանի (1976թ., Գյումրի, ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1977թ.) հուշարձանները, Մարտիրոս Սարյանի տապանաքարը (1980թ., ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի ոսկե մեդալ), Վիլյամ Սարոյանի մահարձանը (1989թ., երկուսն էլ` Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), Պարույր Սևակի տապանաքարը (1972թ., գ. Զանգակատուն), Վիկտոր Համբարձումյանի հուշաքարերը, (1998թ., Երևան, Բյուրական) և այլն: Ճարտարապետի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում` Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965թ., 1976թ., 1996թ.), Թբիլիսիում (1967թ.), Մոսկվայում (1983թ., 1997թ.), Լենինգրադում (1983թ.): 1994թ-ից եղել է ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր, 2002թ-ից` Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2001թ-ից` Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր անդամ, պրոֆեսոր, 1982թ-ից` Բուլղարիայի, 2002թ-ից` Ռուսաստանի ճարտարապետների միությունների պատվավոև անդամ: 1982թ. արժանացել է Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե, 1998թ.` ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալների: 2003թ. դարձել է Երևանի, 2004թ.` Սպիտակի պատվավոր քաղաքացի: 1983թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի, ապա` Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (1993թ-ից` պրոֆեսոր) Մոսկվայի մասնաճյուղի (1992թ.) ակադեմիկոս: 1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար