Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՔԱՓԱՆԱԿՅԱՆ

Բեմադրիչ, թարգմանիչ, ասմունքող

8 փետրվար, 1877 - 5 մայիս, 1944

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ռուս հռչակավոր ռեժիսոր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հեռավոր ազգականը մոր կողմից: Հայ առաջին ռեժիսորներից է: Նրա հայրը, ով Օռլովի նահանգի կառավարիչն էր, որդուն ուսանելու է ուղարկել նախ Մոսկվայի Լազարյան ճեմարան, այնուհետև Մոսկվայի համալսարան, որի բանասիրական բաժինը ավարտել է 1900թ.: Այդ տարիներին հաճախել է նաև Ի.Բուրդինի դրամատիկական դասընթացներին: 1898թ. բացված Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը մեծ դեր է խաղացել նրա կյանքում: 1901թ. վերադարձել է Թիֆլիս և հանդես եկել որպես ասմունքող: Ապա որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատանքի է անցել Ներսիսյան դպրոցում: 1904թ-ից աշխատել է Հայ Դրամատիկական ընկերության խմբում` որպես ռեժիսոր: Առաջին նորամուծությունը, որով սկսել է աշխատանքը, սեղանի շուրջը կատարվող աշխատանքն է եղել: Քանի դեռ ներկայացման բոլոր մասնակիցները չէին յուրացրել դրամայի ընդհանուր մտահղացումը, չէին պարզել գործող անձանց փոխհարաբերությունները, ներկայացումը հանդիսատեսին չէր ցուցադրվում: 1908թ. լքել է թատրոնը` բախվելով Դրամատիկական ընկերության ղեկավարության հետ: Մինչև 1917թ., երբ Օվի Սևումյանը Թիֆլիսում կազմավորում է դրամատիկական ստուդիա, չի վերադարձել թատրոն: Օ.Սևումյանի ստուդիայում դասախոսություններ է կարդացել գրականության պատմության վերաբերյալ, վարել բեմական խոսքի դասընթաց, սակայն շուտով Սևումյանի ստուդիան փակվել է: Վրաստանում ղեկավարել է Հայարտան թատերական սեկցիան: Միաժամանակ Լևոն Քալանթարի օգնությամբ, ձեռնամուխ է եղել Շահումյանի անվան «Որոնումների թատրոնի» կազմակերման գործին, որը հետագայում նշանակալի դեր է խաղացել Երևանի Առաջին Պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ստեղծման մեջ: Իբրև թատրոնի ղեկավարներից մեկը, նա պնդել է, որ թատերախումբը կազմվի միայն բեմական փորձ չունեցող երիտասարդներից: Գնահատելով Հասմիկի և Միքայել Մանվելյանի արվեստը, դեմ էր նրանց նոր թատերախումբ ընդունելուն: 1921-22թթ բեմական խոսքի և գեղարվեստական ասմունքի դասեր անցկացրել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: Եղել է ոչ միայն ասմունքի առաջին հայ վարպետը, այլև հայ պրոֆեսիոնալ ասմունքի հիմնադիրը: Նրա աշակերտներից է եղել նշանավոր ասմունքող Սուրեն Քոչարյանը, ամերիկյան ականավոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Ասմունքել է Հ.Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» և Ա.Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»: 1919-20թթ եղել է Ներսիսյան դպրոցի տեսուչը: 1921թ. որպես ռեժիսոր աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում: 1926-27թթ աշխատել է Բաքվի Հայ դրամայում` իբրև գեղարվեստական ղեկավար, որտեղ բեմադրել է մի շարք ներկայացումներ, այդ թվում` Ա.Շիրվանզադեի «Մորգանի Խնամին»: 1927-37թթ ղեկավարել է Հայարտան դրամատիկական ստուդիան, 1930-37թթ` Թիֆլիսի Հայ դրաման: Թարգմանել է ֆրանսիական, հունական ու ժամանակակից հեղինակների շատ պիեսներ, երկար տարիներ աշխատակցել է Կովկասի հայ հրատարակչական ընկերությանը: Կնոջ` Աննա Միլիլյանի և Վահան Տերյանի հետ թարգմանել է Րաֆֆու «Կայծերը»: Ռուսերեն է թարգմանել նաև Հովհաննես Թումանյանի «Փարվանա» պոեմը, որը լույս է տեսել 1913թ.: Ինչպես նաև բնագրերից հայերեն է թարգմանել «Բոռը», «Սեր և խարդավանքը», «Մակբեթը», «Ուրիել Ակոստա», «Երկնագույնն ու վարդագույնը», «Երկու որբը», «Վիլհելմ Տելլը», «Սկապենի արարքները» և ուրիշ գործեր: Գրել է հայ թատրոնի պատմությունը (1890-1909թթ): Հայերենից և ռուսերենից բացի, գիտեր գերմաներեն, լատիներեն, ֆրանսերեն, հունարեն: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1936թ. Թիֆլիսի Հայ դրաման ստանում է նոր շենք: Այն 15 տարիները, որի ընթացքում Քափանակյանը հանդիսացել է թատրոնի ռեժիսորը, թատրոնը չի ունեցել սեփական շենք և աշխատել է դժվարին պայմաններում. ներկայացումները բեմադրվել են շաբաթական մեկ-երկու անգամ, փորձերն արվել են անհարամար պայմաններում: 1937թ. հեռացվել է Թիֆլիսի Հայ դրամայից, տեղափոխվել Թիֆլիսի Հայկական պատանի հանդիսատեսի թատրոն, ուր աշխատել է մինչ կյանքի վերջը: Նա թատրոնը դարձրել է յուրատեսակ մի ստուդիա, որի սաները հետագայում մեծ տեղ են գրավել Թիֆլիսի և Երևանի թատրոններում: Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրած ներկայացումներից են` «Պավկա Կորչագին» (Վ.Մովսիսյանի հետ), «Սեր և խարդավանք», «Գոշ» և «Երկու տիրոջ ծառան»: 1941թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թիֆլիսում, թաղվել Վերայի հայոց հին գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար